ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով գլխավորում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ցուցակը, նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը պետք է կողմնորոշիչ լինի ընտրողի համար: Անկախ Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումներից, դժվար է չհամաձանել նրա այս պնդման հետ: Հիրավի, արդյոք այսօր Հայաստանն ունի առավել կարեւոր որեւէ այլ խնդիր, քան արցախյան հակամարտության կարգավորումն է եւ հայկական երկու պետությունների անվտանգության ապահովումը:
Այս կարեւորագույն խնդիրը, սակայն, այդպես էլ չի դառնում նախընտրական դիսկուրսի գլխավոր թեմա: Տարօրինակ է, սակայն այս օրերին տարբեր քաղաքական ուժերի կողմից իրականացվող քարոզարշավների, հանրային քննարկումների ու դեբատների ընթացքում անվտանգության հիմնախնդիրների ներկայացումն ու քննարկումը առաջնային տեղում չէ:
Ասֆալտի, բերքի մթերման, ներդրումների կամ ավանդների վերադարձի վերաբերյալ խոստումներից առաջ, թվում էր, սահմանին լարված իրավիճակ ունեցող երկրում ընտրություններին մասնակցող ուժերը պիտի որ հանրությանը ներկայանային նախ եւ առաջ մեր բոլորի գլխին դամոկլյան սրի նման կախված անվտանգության սպառնալիքների չեզոքացման իրենց ծրագրերով:
Մինչդեռ մենք տեսնում ենք, որ միայն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է, որ ղարբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ներկայացրել է իր հստակ /թեկուզ եւ ոչ ընդունելի/ դիրքորոշումը, իսկ ահա մնացած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում անվտանգության եւ արցախյան հիմնախնդրի լուծման հետ կապված դրույթները կենացային մակարդակից այն կողմ չեն անցնում: Այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչով են մնացած ուժերի մոտեցումներն այս հարցում տարբերվում իշխող Հանրապետական կուսակցության մոտեցումներից:
Ինչու են քաղաքական ուժերը խուսափում անվտանգության հիմնախնդիրների շուրջ առավել խորքային եւ հստակ քննարկումներից. չէ՞ որ նաեւ քաղաքական մարկետինգի տեսանկյունից հենց անվտանգության հիմնախնդիրներն են հանրությանն առավել հետաքրքրում: Այսօր բոլորիս ամենից շատ սահմանից եկող լուրերն են հուզում: Եվ, ի վերջո, քաղաքական ուժերն իրենց քարոզարշավների ընթացքում էլ պիտի որ համոզված լինեին, որ մարդկանց մեծամասնությունն ասում է՝ ինչ ուզում է լինի, միայն խաղաղություն լինի: Քչերն են ասում՝ ինչ ուզում է լինի, մենակ փողոցս ասֆալտվի, ընտրակաշառքս ստանամ, կամ աշխատանքիս խնդիրը լուծվի:
Եվ ուրեմն, ինչո՞ւ են ոչ իշխանական ուժերը մի կողմից քննադատում «Կոնգրես-ՀԺԿ» պարտվողական ծրագիրը, մյուս կողմից՝ մեղադրում ՀՀԿ-ին ՀԱԿ-ի հետ պայմանավորվածության համար, սակայն միեւնույն ժամանակ այդպես էլ առաջ չեն քաշում արցախյան հիմնախնդրի լուծման իրենց հստակ օրակարգը: Այս հարցը, թերեւս, հռետորական է: