ԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՈԳՆԵԼ Ա ՍՈՒՏ ԼՍԵԼՈՒՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի ՀՀԿ շտաբի պատասխանատու, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ խոսեցինք իր ունեցվածքի, ՀՀԿ հնարավորությունների եւ երբեմնի հովանավոր Հովիկ Աբրահամյանի դեմ աշխատելու նրա ձգտումների մասին:

-Պարո՛ն Սարգսյան, Ձեզանից՝ որպես նախկին ոստիկանապետից, ցանկանում եմ հետաքրքրվել՝ ի՞նչ կարծիք ունեք նախընտրական արյունալի բախումների գործերի մասին, որոնց առիթով քրեական գործ չի հարուցվում, եւ գործերը գնում են փակման ճանապարհով՝ ծնելով նոր հանցանքներ՝ դանակահարություն, ծեծ:
-Չհամաձայնեմ Ձեր հետ, որ քրեական գործեր չեն հարուցվում: Միգուցե նյութե՞ր են նախապատրաստվում կա՛մ նվազ կարեւորության պատճառով, կա՛մ, չգիտեմ, ինչ-որ որակում է ստանում, որից հետո նյութերը մերժվում են: Պետք է իրենց՝ ուժային կառույցներին հարցնեք, թե ինչ հիմքով են կարճվում կամ ինչ հիմքով դատարան չեն գնում գործերը: Մանրամասներից տեղյակ չեմ: Ես զբաղված եմ կուսակցական աշխատանքով: Բայց իմ կարծիքով՝ բոլոր գործերը անհրաժեշտ համապատասխան լուծում ստանում են:
-Մասիսի դեպքով նկատեցինք՝ երկու հանրապետականների ռեյտինգային թեկնածուների թիմակիցները միմյանց ծեծեցին, բայց չբողոքեցին, ու գործի հարուցումը մերժվեց:
-Հավատացնում եմ Ձեզ, որ քաղաքական հրահանգ չկա: Կամ ինչ-որ իրադրության փոփոխություն է եղել, կողմերը հաշտվել են, եւ այդ պատճառով ընթացք չի տրվել: Բայց որ քաղաքական ցուցում չի եղել, վստահեցնում եմ:
-Այո՛, բողոք չկար, մերժվեց գործի հարուցումը: Քաղաքական հրահանգ չէ՞ր չբողոքելը:
-Հավատացնում եմ Ձեզ, որ չկա քաղաքական հրահանգ: Արտաշատում էլ մի այդպիսի դեպք եղավ, բայց ընտրությունների հետ ընդհանրապես կապ չուներ:
-Իսկ ինչո՞ւ են միջանձնային խնդիրները գլուխ բարձրացնում ընտրական գործընթացների ժամանակ:
-Ինչու ուրիշ ժամանակ չե՞ն լինում:
-Հենց նախընտրական շրջանո՞ւմ:
-Միգուցե կրքերը մի քիչ բորբոքված են, ավելի լարված: Ինչեւէ, ընտրական պրոցեսները նույնպես նպաստում են դրան: Ես դա չեմ բացառում, բայց դրանք 100 տոկոսով կապել ընտրությունների հետ, կարծում եմ, ճիշտ չի:
-Դուք վատ չեք զգո՞ւմ, որ Հովիկ Աբրահամյանի դեմ եք աշխատում:
-Ես դեմ չեմ աշխատում: Ես մի քանի անգամ կրկնել եմ: Ես աշխատում եմ իմ կուսակցության համար:
-Նրա որդին վարկանիշային ընտրակարգով այլ կուսակցության կողմից է առաջադրվել: Այսինքն՝ նրա դեմ եք աշխատում:
-Եթե Հովիկ Աբրահամյանի որդին ռեյտինգայինում ա աշխատում, այլ կուսակցության ներկայացուցիչ է, ես ի՞նչ անեմ, իմ կուսակցության համար չաշխատե՞մ, որ դեմ չբնութագրե՞ք:
-Հովիկ Աբրահամյանն այնքան բան է արել Ձեզ համար, նրա շնորհիվ մարզպետ նշանակվեցիք, այլ պաշտոնների, հիմա փաստացի նրա դեմ եք, պարո՛ն Սարգսյան:
-Ես որեւիցե վատ բան չեմ անում: Իմ կուսակցության համար եմ անում: Ես 10 տարուց ավել աշխատել եմ իմ կուսակցության համար, հիմա էլ կուսակցությունն ինձ ներկայացրել է ռեյտինգային կարգով որպես պատգամավորության թեկնածու: Ի՞նչ կարծիքի եք, ես մարդկանց հարգելով պիտի կողմնորոշվեմ՝ մասնակցե՞մ, թե չէ՞: Ինչի՞ մասին է խոսքը:
-Հրապարակվեց տեղեկություն, որ նախընտրական փուլում Արարատի մարզի համակարգումը հանձնված է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
-Առաջին անգամ եմ ես դա լսում: Վլադիմիր Գասպարյանն ընդամենը իր գործառույթն է իրականացնում կոնկրետ մեր մարզում, հավաստիացնում եմ:
-Այսինքն՝ իրենից Դուք այս ընթացքում հրահանգ չե՞ք ստացել:
-Ընդհանրապես, որեւիցե խոսակցություն նույնիսկ չի եղել: Ընդամենը՝ կարգուկանոնի վերաբերյալ ընդհանուր, որ հաշտ, համերաշխ էս ամենը անցկացնենք ու ոստիկանության համար լրացուցիչ պրոբլեմներ չստեղծենք: Ընդամենը թեման վերաբերել է դրան:
-Դուք ահռելի ունեցվածք եք հայտարարագրել: Դիլիջանում, Ջերմուկում առանձնատներ ունեք: Ձեռք բերված առանձնատները նվե՞ր եք ստացել ոստիկանապետ եղած ժամանակ:
-Դա եղել է ոստիկանապետ լինելուց շատ առաջ: Դա հանգստի գոտի է կազմակերպվում, լինելու է հիմնարկ, օբյեկտ, որպես ընդունելությունների տուն, որպես սանատորիա:
-Պարո՛ն Սարգսյան, նվե՞ր եք ստացել «սանատորիան»:
-Միգուցե հիշեն, մարդիկ մտածեն, թե պարոն Սարգսյանը քանի՞ տարի է էս երկրի համար աշխատել, ունեմ հազարավոր կապեր: Ինչո՞ւ եք մտածում, որ պարոն Սարգսյանը պիտի ոչինչ չունենար, պիտի զրոյականով ապրեր:
-Մարդ կա, որ մեկը չունի, Դուք մի քանիսն ունեք:
-Դուք նայեք, ես ժողովրդից թաքցնելու բան չունեմ, ամաչելու ոչինչ չունեմ: Ես էլ ունեմ հարազատներ, եղբայրներ, որոնք բիզնեսում հաջողություններ ունեն: Ես որ մեկուսացնեմ ինձ, ցույց չտամ ոչ մի բան, այլ գրեմ, որ մի բնակարան ունեմ, որտեղ ապրում եմ, դա կլիներ շատ արհեստական, արհեստածին վերաբերմունք, որի կարիքն էս ժողովուրդը չունի: Հոգնել ա ստից: Ավելի լավ ա՝ ճիշտն ասեմ, քան քողի տակ թաքնված գործունեություն ծավալեմ, որ մարդիկ հետո զարմանան, թե ոնց եղավ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ՆՈՐ ԱՂՄՈՒԿ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ի ՇՈՒՐՋ
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բանկի նախկին կառավարիչ Արա Կիրակոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել եւ բանկի գումարների հափշտակության գործով նոր անձինք են հայտնվել ամբաստանյալի աթոռին: Ինչպես հիշում եք՝ 2014 թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արա Կիրակոսյանին եւ բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանին մեղադրանք էր առաջադրվել բանկից զգալի չափով հափշտակություն իրականացնելու համար: Արդեն շուրջ 3 տարի է, ինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատավարությունը շարունակվում է: Սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, բանկից հափշտակությունների մասով աղմկալի բացահայտումները շարունակվում են:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արա Կիրակոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ՝ նույն բանկում իր անվամբ ձեւակերպված 344.000 ԱՄՆ դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ՝ իր քրոջ ամուսնու` Արմեն Հովհաննիսյանին պատկանող, ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ ընկերության ունեցած 101.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով 2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշումը «Էրմանո» ՍՊԸ 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր:
Նկատենք, որ բացի Արա Կիրակոսյանից՝ մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված անշարժ գույքի գնահատումով զբաղվող Հարություն Խալաթյանը: Վերջինս 2012թ. ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող անասնագոմը գնահատել է շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123 միլիոն դրամ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա իրական լիկվիդացիոն արժեքը կազմել է ընդամենը 12 միլիոն դրամ: Ի դեպ, այս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է գնացել 2017 թ. մարտի 20-ին: Նկատենք, որ Արա Կիրակոսյանը արդեն երեք տարի է՝ կալանքի տակ է, իսկ ահա ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված անշարժ գույքի գնահատումով զբաղվող Հ. Խալաթյանին խափանման միջոց է կիրառվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԷԼԻ ԽԱԽՏԵԼ ԵՆ
Մարտի 21-ին եւ լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց:

 

 
ՉԵՆ ԿԱԶՄԻ
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է անգամ ՀՀԿ-ականների հետ դաշինք կազմել, միայն թե իրականացնեն իրենց առաջադրած 15 կետանոց ծրագիրը: «Ասել եմ՝ առաջինը 15 կետերնա: Եթե իմ գործընկերները, կոալիցիա կազմողները կհամաձայնվեն, որ իմ 15 կետերը կատարվի, ուրեմն կկազմեմ, եթե չէ, ուրեմն ոչ մեկի հետ էլ չեմ կազմի»,- «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ասել է նա: Միայն թե ընդամենը մի քանի օր առաջ այս դաշինքի առանցքային դեմքերից մեկը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել էր, թե իրենք իշխող ՀՀԿ-ի հետ երբեւէ, որեւէ պարագայում կոալիցիա չեն կազմի: Ավելին՝ ըստ Զոհրաբյանի՝ իրենք ավելի շուտ սատանայի հետ կոալիցիա կկազմեն, քան ՀՀԿ-ի:

 

 

«ԱԶՆԻՎ» ՆԱԽԱՐԱՐԸ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն հրաժարական է ներկայացրել իր դուստրերին աշխատանքի տեղավորելու սկանդալի պատճառով: Նրա 15 եւ 16 տարեկան դուստրերը ամառային արձակուրդների ընթացքում խորհրդարանում օգնականներ են աշխատել՝ երկուսը միասին ընդհանուր առմամբ ստանալով մոտ 55 հազար եվրո: «Ես միշտ ազնիվ եմ եղել ինչպես ընտանեկան գործերում, այնպես էլ քաղաքականությունում: Ես նախագահին հրաժարական եմ ներկայացրել», – հայտարարել է Լը Ռուն: Նշենք, որ ներքին գործերի նախարարի պաշտոնում Բրունո Լը Ռուն ընդամենը 3.5 ամիս պաշտոնավարեց: 2015 թվականին նա որպես Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր այցելել էր Լեռնային Ղարաբաղ եւ ընդգրկված էր Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Ֆրանսիայի ՆԳ նոր նախարար է նշանակվել արտաքին առեւտրի նախկին նախարար Մաթիաս Ֆեկլը:

 

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը արդեն չորս շաբաթ աշխատում է Հայաստանում՝ թիմեր տեղակայելով Երեւանում եւ մարզերում: Այդ մասին հայտնել է առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը երեկ՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ: Պետերսենի փոխանցմամբ՝ առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների եւ քաղաքացիների հետ: Առաքելության ղեկավարի խոսքով՝ մանրազնին ուսումնասիրվում են երկրի օրենսդրությունը, լրատվական դաշտը եւ բուն ընտրարշավը: Հաջորդ շաբաթ առաքելությանը կմիանան 250 կարճաժակետ դիտորդներ եւ 110 խորհրդարանականներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նշենք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը հանդես կգան մամուլի ասուլիսով՝ ամփոփելով իրենց դիտարկումները եւ տալով միասնական գնահատական, սակայն Երեւանում կմնան մինչեւ ապրիլի 14-ը:




Լրահոս