ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ի՞նչ անեմ, իմ կուսակցության համար չաշխատե՞մ». Ալիկ Սարգսյանը վատ չի՞ զգում, որ Հովիկ Աբրահամյանի դեմ է աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի ՀՀԿ շտաբի պատասխանատու, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ խոսեցինք իր ունեցվածքի, ՀՀԿ հնարավորությունների և երբեմնի հովանավոր Հովիկ Աբրահայանի դեմ աշխատելու նրա ձգտումների մասին:

Պարո՛ն Սարգսյան, Ձեզանից՝ որպես նախկին ոստիկանապետից, ցանկանում եմ հետաքրքրվել՝ ի՞նչ կարծիք ունեք նախընտրական արյունալի բախումների գործերի մասին, որոնց առիթով քրեական գործ չի հարուցվում, եւ գործերը գնում են փակման ճանապարհով՝ ծնելով նոր հանցանքներ՝ դանակահարություն, ծեծ:

-Չհամաձայնեմ Ձեր հետ, որ քրեական գործեր չեն հարուցվում: Միգուցե նյութե՞ր են նախապատրաստվում կա՛մ նվազ կարեւորության պատճառով, կա՛մ, չգիտեմ, ինչ-որ որակում է ստանում, որից հետո նյութերը մերժվում են: Պետք է իրենց՝ ուժային կառույցներին հարցնեք, թե ինչ հիմքով են կարճվում կամ ինչ հիմքով դատարան չեն գնում գործերը: Մանրամասներից տեղյակ չեմ: Ես զբաղված եմ կուսակցական աշխատանքով: Բայց իմ կարծիքով՝ բոլոր գործերը անհրաժեշտ համապատասխան լուծում ստանում են:

-Մասիսի դեպքով նկատեցինք՝ երկու հանրապետականների ռեյտինգային թեկնածուների թիմակիցները միմյանց ծեծեցին, բայց չբողոքեցին, ու գործի հարուցումը մերժվեց:

-Հավատացնում եմ Ձեզ, որ քաղաքական հրահանգ չկա: Կամ ինչ-որ իրադրության փոփոխություն է եղել, կողմերը հաշտվել են, եւ այդ պատճառով ընթացք չի տրվել: Բայց որ քաղաքական ցուցում չի եղել, վստահեցնում եմ:

-Այո՛, բողոք չկար, մերժվեց գործի հարուցումը: Քաղաքական հրահանգ չէ՞ր չբողոքելը:

-Հավատացնում եմ Ձեզ, որ չկա քաղաքական հրահանգ: Արտաշատում էլ մի այդպիսի դեպք եղավ, բայց ընտրությունների հետ ընդհանրապես կապ չուներ:

Իսկ ինչո՞ւ են միջանձնային խնդիրները գլուխ բարձրացնում ընտրական գործընթացների ժամանակ:

-Ինչու ուրիշ ժամանակ չե՞ն լինում:

Դուք վատ չեք զգո՞ւմ, որ Հովիկ Աբրահամյանի դեմ եք աշխատում:

-Ես դեմ չեմ աշխատում: Ես մի քանի անգամ կրկնել եմ: Ես աշխատում եմ իմ կուսակցության համար:

Նրա որդին վարկանիշային ընտրակարգով այլ կուսակցության կողմից է առաջադրվել: Այսինքն՝ նրա դեմ եք աշխատում:

-Եթե Հովիկ Աբրահամյանի որդին ռեյտինգայինում ա աշխատում, այլ կուսակցության ներկայացուցիչ է, ես ի՞նչ անեմ, իմ կուսակցության համար չաշխատե՞մ, որ դեմ չբնութագրե՞ք:

-Հովիկ Աբրահամյանն այնքան բան է արել Ձեզ համար, նրա շնորհիվ մարզպետ նշանակվեցիք, այլ պաշտոնների, հիմա փաստացի նրա դեմ եք, պարո՛ն Սարգսյան:

-Ես որեւիցե վատ բան չեմ անում: Իմ կուսակցության համար եմ անում: Ես 10 տարուց ավել աշխատել եմ իմ կուսակցության համար, հիմա էլ կուսակցությունն ինձ ներկայացրել է ռեյտինգային կարգով որպես պատգամավորության թեկնածու: Ի՞նչ կարծիքի եք, ես մարդկանց հարգելով պիտի կողմնորոշվեմ՝ մասնակցե՞մ, թե չէ՞: Ինչի՞ մասին է խոսքը:

Մանրամասները`  տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս