Մերն ուրիշ է. մնում է աշխարհից տարբեր դարդ ու ցավով գնալ ընտրության. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում քաղաքական ուժերը պատրաստվում են հնարավորինս արդյունավետ օգտագործել իրենց քարոզչական արշավի վերջին օրը, աշխարհում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ, որոնք գալիս են ապացուցելու Ու. Չերչիլի երիցս ճշմարտացիությունը՝ ժողովրդավարության հետ կապված հայտնի գնահատականի շուրջ:

Ռուսաստանում, օրինակ, վերջին հակակոռուպցիոն ցույցերը ճնշելուց հետո երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարում է «գունավոր հեղափոխությունների» կործանարար բնույթի մասին՝ ըստ էության վերստին Արեւմուտքին մեղադրելով Ռուսաստանում մայդանային գործընթաց սկսելու փորձի մեջ: Այս երկրում վաղուց արդեն ընդվզման որեւէ դրսեւորում անմիջապես կապվում է մայդանի հետ՝ այդտեղից բխող բոլոր ռեպրեսիվ հետեւանքներով: /Ի դեպ, Մոսկվան անգամ երեւանում էր մայդանային տրամադրություններ տեսնում 2015թ. «Էլեկտրիկ Երեւանի» օրերին/:

Սակայն եթե Ռուսաստանի դեպքում ժողովրդավարական արժեհամակարգի արմատավորման որեւէ դրսեւորման աշխարհը վաղուց արդեն չի սպասում, իսկ հակառակին ուղղված Կրեմլի գործողությունները որեւէ մեկի համար զարմանալի չեն, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում նախագահ Թրամփի վարչակազմը շարունակում է զարմանքի նորանոր առիթներ տալ:

Այսպես՝ սեփական փեսային Սպիտակ տանը «յողուտ պաշտոն» տալուց հետո Թրամփը ձեռնամուխ եղավ նաեւ դստերը՝ Իվանկա Թրամփին նախագահական նստավայրում սոլիդ դերակատարում ապահովելուն: Նախօրեին Թրամփը սիրասուն դստերը նշանակեց ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդական: Սեփական հայրիկին խորհուրդներ տալու համար Իվանկան, իհարկե, աշխատավարձ չի պահանջում, բայց դա, բնականաբար, հարցի սիմվոլիկ կողմն է:

Եվ մինչ աշխարհում ավանդաբար ժողովրդավարության ջահակիրը համարվող Միացյալ Նահանգներում, փաստորեն, Սպիտակ տունը հետզհետե վերածվում է ընտանեկան կենտրոնի, հարեւան Ադրբեջանում ընդդիմությունը պատրաստվում է ընդվզել Ադրբեջանը ընտանեկան փակ բաժնետիրական ընկերության վերածած Ալիեւների կլանի դեմ: Այստեղ ապրիլի 9-ին սպասվում են հանրահավաքներ՝ «Ոչ ընտանեկան իշխանությանն ու ընտանեկան թալանին» կարգախոսի ներքո:

Ահա այսպիսի պարադոքսալ զարգացումներ են ընթանում, որոնք վերստին գալիս են ցույց տալու, որ աշխարհի որեւէ երկիր ինքը պետք է ընտրի ի՛ր շահերից բխող կառավարման համակարգ: Չկա կատարյալ բանաձեւ, որը ներմուծելով ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից՝ կարող ենք երաշխավորված համարել, որ այն նույնքան հաջողված է լինելու այլ պետությունում: Հետեւաբար մեզ մնում է միայն առաջնորդվելով մեր երկրի առանձնահատուկ շահերով, մեր՝ աշխարհից տարբեր դարդ ու ցավով ու դրանց լուծման իրատեսական առաջարկներով՝ գնալ ընտրության:




Լրահոս