Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ամենամեծ անակնկալներից մեկն էլ, թերեւս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի չանցնելն էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ «Հայ ազգային կոնգրեսն», այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտի ամենաարմատական դիրքորոշում ունեցող ուժն էր, որի ներկայացուցիչները անցած հինգ տարիներին Աժ-ում հանդես են եկել իշխանության ամենաառարկայական քննադատությամբ, որը ամենահետեւողական պայքարը տարավ սահմանադրական հանրաքվեի գործընթացում եւ որը, ի վերջո, ներդրեց առավելագույն ջանքերը ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցում:
ՀԱԿ-ի չանցնելը առավել մեծ անակնկալ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, այսպես կոչված, խաղաղության, հաշտության եւ բարիդրացիության գաղափարախոսության առաջ քաշման պարագայում:
Տեր-Պետրոսյանի այդ օրակարգը դիտվեց որպես գլոբալ գործարքի առաջարկություն, որը, շատ փորձագետների համոզմամբ, սիրով ընդունվեց Սերժ Սարգսյանի կողմից: Գինն էլ, ըստ այդ պնդումների, պետք է լիներ ԱԺ անցնելու 7 տոկոսանոց շեմի հաղթահարումը: Իսկ տրամաբանությունը հետեւյալն էր. Սերժ Սարգսյանն առաջիկայում միջազգային դիտորդների ճնշումների ներքո ստիպված է լինելու գնալ տարածքային զիջումների, եւ խաղաղության թեզը առաջ տանող ուժի ներկայությունն Ազգային Ժողովում նրա համար խիստ կարեւոր է, որպեսզի հարկ եղած դեպքում այդ ուժը ոչ միայն հանրային տրամադրություններ ձեւավորի, այլեւ նրանց ֆոնին ինքը կարողանա որոշակի շրջանակների մոտ ներկայանալ որպես անզիջողականության մարմնավորում:
Ապրիլի 2-ի արդյունքները, սակայն, ցույց տվեցին, որ այդ վերլուծությունները իրականությանը չէին համապատասխանում: Համենայն դեպս, փաստն այն է, որ ՀԱԿ-ը չի լինի խորհրդարանում: Իսկ դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի խաղաղության գաղափարախոսության խաղարկումը Սերժ Սարգսյանին պետք էր ոչ թե Ազգային ժողովում՝ երկարաժամկետ հեռանկարում, այլ հենց այն չափով, որ չափով որ նա խաղարկեց: Կարելի է ասել, որ Տեր-Պետրոսյանն իր խաղաղության գաղափարախոսությամբ եւ ընտրություններում ստացած չափազանց քիչ քվեներով կատարեց նույն դերը, ինչ «Սասնա ծռերը»՝ ՊՊԾ գնդի գրավմամբ:
Ինչպե՞ս: Շատ պարզ: Եթե «Սասնա ծռերի» ընդվզմամբ Սերժ Սարգսյանը կարողացավ դրսի ճնշումներին հակադարձել՝ ցույց տալով, թե ինչպիսի քաոս կարող է սկսվել երկրում, եթե ինքը գնա տարածքային զիջումների, եւ դա, ինչ էլ ասվի, աշխատեց, ապա Տեր-Պետրոսյանի խաղաղության գաղափարախոսությանը տրված 1,65 տոկոս քվեներով Սերժ Սարգսյանը նոր հնարավորություն ստացավ դրսին ասելու՝ տեսե՛ք, անգամ ամենաընդդիմադիր եւ մեծ հեղինակություն ունեցող առաջնորդի շուրթերից իմ ժողովրդի միայն 1,65 տոկոսն է պատրաստ ընդունել տարածքների զիջումը, հետեւաբար այս պահին դա երկիրը կտանի ցնցումների: