Այս օրերին պարտութուն կրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, տարբեր փորձագետներ եւ վերլուծաբաններ շտապում են մեղադրել իրենց քվեն վաճառած ժողովրդին, հայտարարում են, թե այս ընտրություններն ընթացան ընտրակաշառքի շուրջ ազգային համաձայնության պայմաններում, թե նման իրավիճակում անհնար է որեւէ քաղաքական պայքար եւ այլն:
Ինչ խոսք՝ այն, որ ապրիլի 2-ի ընտրություններում ընտրակաշառքը եղել է ամենաորոշիչ գործոնը, դժվար է չընդունել: Սակայն այդ երբ է Հայաստանում եղել, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չբաժանվի, եւ մեր պարտված քաղաքական ուժերն էլ վերստին ծախվող ժողովրդին չմեղադրեն իրենց ձախողման մեջ: Նման բան երբեւէ չի եղել: Այս անգամ, սակայն, իրավիճակը տարբերվում էր ընտրակաշառքների մասշտաբայնությամբ եւ այն համընդհանուր համերաշխության մթնոլորտով, որն առկա էր այս քստմնելի գործընթացի երկու կողմերի միջեւ:
Այս անգամ այնպիսի տպավորություն էր, որ մեր հասարակությունը՝ հիվանդ, իմունիտետը կորցրած օրգանիզմի նման, այլեւս չի ջերմում, չի փորձում դիմադրել, այլ հանդարտ տրվում է հիվանդության ընթացին: Իրականում ժողովրդին ծախված անվանող քաղաքական առաջնորդները նախ պետք է իրենց հարց տան՝ իսկ արդյոք հենց իրենք չեն այս ամենի մեղավորները: Ի վերջո, այդ նույն ժողովուրդը մեկ անգամ չէ, որ մերժելով իրեն կաշառելու փորձերը՝ դուրս է եկել պայքարի հանուն այն ընդդիմադիր առաջնորդի, որին հավատացել է եւ այդ ընթացքում ոչ միայն ծեծվել է, ձերբակալվել, այլեւ անգամ գնդակահարվել է:
96 թվականի սեպտեմբերի 26-ին, սակայն, ընդվզման ամենակուլմինացիոն պահին Վազգեն Մանուկյանի գտնվելու վայրը ժողովրդի համար այդպես էլ անհայտ մնաց: Դրանից հետո՝ 2004թ. ապրիլի 12-ին, երբ Բաղրամյան պողոտայում՝ դարձյալ Աժ պարիսպների մոտ, այդ նույն անկաշառ ժողովուրդը ծեծվում էր հանուն Ստեփան Դեմիրճյանի, ընդդիմադիր առաջնորդի մոտ թեյ խմելու անհագ ցանկություն առաջացավ:
2008թ. մարտի 1-ին, երբ արդեն տեսանելի էր իրադարձությունների արյունալի ընթացքի վտանգը, Լեւոն Տեր-Պետրոսյանը իր սեւ դղյակից դուրս չեկավ: Դե, իսկ 2013թ ապրիլի 19-ին էլ մինչ այդ սեփական դիակի վրայով միայն Սերժ Սարգսյանի իշխանությունը հնարավոր համարող Րաֆֆի Հովհաննիսյանը, մարդկանց թողնելով Բաղրամյան պողոտայի մեջտեղում՝ ոստիկաններին դեմ-հանդիման, գնաց ոստիկանապետի հետ աղոթելու…
Եվ հիմա, արդյոք այսօր ընդդիմադիր այս առաջնորդներից կամ նրանց ներկայացրած ուժերից որեւէ մեկը իրավունք ունի ժողովրդին մեղադրել ծախված լինելու մեջ: Ի վերջո, մարդիկ այս տարիներին շատ հստակ տեսան, թե ինչպես են իրենց արյան ու պայքարի գնով մանդատների տեր դարձածները իրենք ծախվում իշխանություններին: Եվ ուրեմն, ինչու չվերցնել իրենց բաժին ընտրակաշառքը՝ դրա հնարավորությունն այլեւս որեւէ ընդդիմադիր ուժի չպատվիրակելով: