Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերից միայն «Ելք» դաշինքն է անցել խորհրդարան /«Ծառուկյան» դաշինքը ընկալվում է որպես ոչ իշխանական, բայց եւ ոչ ընդդիմադիր ուժ/, հնչեցին թերահավատ հարցադրումներ, թե ինչ կարող է անել Ազգային ժողովում ընդամենը 9 մանդատ ստացած ընդդիմությունը: Շատ փորձագետներ նկատեցիին, որ նման իրավիճակ, երբ Ազգային ժողովում ընդդիմությունն այդքան քիչ ներկայացվածություն ունի, եղել է մեկ էլ 2007 թվականին: Այդ ժամանակ «Ելք»-ի կարգավիճակում էր մեկ այլ նորաստեղծ քաղաքական ուժ՝ «Ժառանգություն» կուսակցությունը:
Սակայն 2007-ի խորհրդարանական ընտրություններից ամիսներ անց ակնհայտ դարձավ, որ երկրում ընդդիմադիր քաղաքական օրակարգը թելադրվում է ոչ թե Ազգային ժողովում, այլ դրա պատերից դուրս՝ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներում: Անշուշտ, «Ժառանություն» կուսակցության այն ժամանակվա անդամները, ի պատիվ իրենց, ակտիվորեն ներկայացված էին նաեւ փողոցային ընդդիմության պայքարում: Սակայն փաստ է, որ նրանք առանց փողոցային ընդդիմության չէին կարողանա նշանակալի դերակատարություն ունենալ Ազգային ժողովում:
Այս անգամ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ինչ-ինչ պատճառներով դուրս մնացին ընտրապայքարից. Պարույր Հայրիկյան, Արամ Գ. Սարգսյան, Լյուդմիլա Սարգսյան, Զարուհի Փոստանջյան եւ, ի վերջո, Վիկտոր Դալլաքյան:
Ի հավելումն՝ ընտրությունների արդյունքում էլ խորհրդարանից դուրս մնացին մեծ թվով քաղաքական ուժեր՝ իրենց առաջնորդներով՝ ՀԱԿ, ՀԺԿ, ՀՎԿ, ՕՐՕ: Եվ հիմա հարց է՝ ինչ է լինելու այս ողջ քաղաքական ռեսուրսի հետ, ինչ են անելու այս քաղաքական գործիչներն ու կուսակցությունները:
Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք ինչ-որ ձեւով դրսեւորվելու են եւ իսպառ չեն հեռանալու քաղաքական թատերաբեմից:
Եվ ահա հենց այստեղ է հարցը, թե նրանցից քանիսը եւ որքանով կստանձնեն փողոցային պայքարի միջոցով ընդդիմադիր օրակարգ ձեւավորելու գործառույթը:
Անկախ այն հանգամանքից, որ այսուհետ էլ չեն լինելու նախագահական ընտրություններ, եւ հաջորդ քաղաքական ստուգատեսը այդ ուժերի համար սպասվում է հինգ տարի հետո միայն, ակնհայտ է, որ խորհրդարան չմտած քաղաքական ուժերը մինչ այդ չկազմաքանդվելու եւ իրենց քաղաքական կապիտալը գոնե ինչ-որ չափով պահպանելու համար պիտի այդ ընթացքում ներգրավված լինեն քաղաքական կյանքում: Կլինի դա, թե ոչ, պարզ կդառնա արդեն առաջիկա ամիսներին: Մի բան, սակայն, ակնհայտ է՝ նոր ԱԺ-ում ընդդիմադիր հատվածի սակավաթիվ եւ ոչ բազմազան ներկայությունը բավականին լավ հնարավորություն է տալիս արտախորհրդարանական ընդդիմությանը՝ ընդդիմադիր օրակարգի ձեւավորումն իր ձեռքը վերցնելու եւ առաջ տանելու համար: