Նոր խորհրդարանի կազմն ավելի որոշակի է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործող խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ հին խորհրդարանի կազմից մոտ երեսուն պատգամավոր նոր խորհրդարանում չի լինի:
Սահակյանը նաև ընդգծեց, որ անցած բոլոր խորհրդարաններն էլ որակյալ են եղել, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի է դեպի լավը գնում:
«Խորհրդարանների աշխատանքները գնալով ավելի պարզ են դառնում ու շիտակ, առավել ևս այս ընտրությունները, և բոլոր միջադեպերը վկայում են հենց դա»,- ասաց Սահակյանը՝ հավելելով. «Տասը տարի առաջ, որ քաղաքական ուժերը ոտքի էին կանգնել ու ուզում էին գալ խորհրդարան, որքան դժվար էր, որքան պայքարը ուրիշ էր, որքան մոմենտներ կային, որ անհասկանալի էին մեզ և ժողովրդին: Այնպես որ, գնալով ավելի պայմանները լավանում են»:
Հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է առաջիկա խորհրդարանի նախագահի պաշտոնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինձ մի՛ տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք Գալուստ Սահակյան: Չեմ սիրում այդ մրցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա. բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ, բոլորն ուզում են թագավոր դառնալ և նախագահներ»:
Սահակյանն ասաց նաև, որ չի դառնա նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար:
Դիտարկմանը, թե սոցիալական ցանցերում ասում են, որ ԱԺ-ն առանց Գալուստ Սահակյանի ԱԺ չի լինելու, Սահակյանն արձագանքեց՝ ասելով. «Չի կարող այդպիսի բան լինել, և մեր պետությունը կանգուն է հավերժ, այնպես որ այնքան մի մեծ բան չէ պաշտոն ունենալը կամ չունենալը»:
Սահակյանն ասաց նաև, որ դեռևս չի քննարկվել, թե ով է լինելու առաջիկա ԱԺ նախագահի պաշտոնում: Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանի թեկնածությունն է շրջանառվում, Սահակյանն արձագանքեց այսպես. «Բոլորն ինձ համար հավատարիմ մարդիկ են, ովքեր էլ որ լինեն, մանավանդ նրանք, որ վաղուց են եղել ու կան: Հնարավոր կլինի, ինչո՞ւ չէ նաև Կարեն Կարապետյանը»:
Սահակյանն ասաց նաև, որ ընդդիմադիրներ չունի: «Ես այն քաղաքական գործիչն եմ, ով երբեք ընդդիմադիր մարդ չունի, որովհետև ընդդիմության և բոլորի հետ իմ հարաբերությունները լուրջ մարդկային հարաբերություններ են»,- ասաց նա:
Հարցին՝ «Ելք»-ն ու ԲՀԿ-ն կկարողանա՞ն արմատական ընդդիմության դերակատարումն ունենալ, Սահակյանը պատասխանեց. «Ընդդիմությունը մեկն է լինում և լինում է ընդդիմություն, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում, և կան ընդդիմություններ, որ առանձին դեպքերում կարող են իրենց տեսակետը համընկեցնել իշխանության տեսակետի հետ: Ես չիգիտեմ՝ ինչպես կլինի, ես օրինակի համար շատ լավ ճանաչում եմ ԲՀԿ-ին, բայց «Ելք»-ին լավ չեմ ճանաչում, որովհետև այն ձևավորվեց խորհրդարան գալու համար, ընդ որում «Ելք»-ի երկու ներկայացուցիչներ Հանրապետականներ են, այ էդ երկուսին ճանաչում եմ: Ընդդիմությանն այնքան բավարար ճանապարհ է տրված, որ կարող են քննադատել իշխանություններին և տեսակետներ առաջարկել, միտինգների փոխարեն անցկացնել հանրաքվեներ, որ ժողովրդի շահերից է բխում, բերել ԱԺ և քննարկման առարկա դարձնել»,- եզրափակեց Սահակյանը: