Ինչ սպասել առաջիկայում. Պուտինի հայտարարության խնդրահարույց կողմերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հանդես է եկել «գունավոր հեղափոխություններ» թույլ չտալու մասին հերթական հայտարարությամբ: Նա «ՄԻՐ 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի՝ նման հեռանկարը կանխելու համար: «Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք իրագործվում են աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնելով լուրջ անկայունության: Բնականաբար, չպետք է նման բան թույլ տալ, եւ ամեն կերպ կջանանք Ռուսաստանում նման բան թույլ չտալ եւ կսատարենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»,- ասել է Պուտինը:

Այսպիսով՝ նա փաստորեն հայտարարում է, որ ռուսական ազդեցության գոտում գտնվող բռնապետական ռեժիմները, այնպիսիք, ինչպիսիք են Լուկաշենկոյինը, Նազարբաեւինը, կարող են ամբողջությամբ իրենց հույսը դնել Պուտինի աջակցության վրա: Բնականաբար, դա վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանին, թեեւ վերջինիս իշխանավարման երկարաձգմամբ Պուտինը կարող է եւ այնքան էլ շահագրգռված չլինել:

Ամեն դեպքում՝ ՌԴ նախագահի շուրթերից նման հայտարարությունը ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սրման այս նոր փուլում սեփական աշխարհաքաղաքական ազդեցության պահպանմանը եւ ամրապնդմանն ուղղված քաղաքական քայլ է, որին, անհրաժեշտության դեպքում, կարող են հետեւել հստակ գործողություններ: Իսկ այդ գործողությունների իրականացման համար, ինչպես գիտենք, ՌԴ-ն ժամանակին հասել է նրան, որ ՀԱՊԿ-ում ստեղծվեն արագ արձագանքման խմբեր, որոնց գործառույթն է ՀԱՊԿ անդամ երկրներում իրավիճակի անկայունության եւ պետական կարգի խախտմանն ուղղված սպառնալիքների դեպքում միջամտել եւ կանխել գործընթացը:

Պարզ ասած՝ Պուտինը դեռ տարիներ առաջ է մտածել ՀԱՊԿ անդամ երկրներում գունավոր հեղափոխությունները կանխող գործիքների ստեղծման մասին եւ հիմա էլ վստահորեն հայտարարում է, որ կանի ամեն ինչ՝ բացառելու համար նման զարգացումները ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ՀԱՊԿ անդամ երկրներում:

Այլ հարց է, թե որքանով դա նրան կհաջովի: Ի վերջո, Ռուսաստանը մշտապես էլ ամեն ջանք գործադրել է, որպեսզի իր ազդեցության զոնայում գտնվող երկրներում գունավոր հեղափոխություններ չլինեն: Բայց, ինչպես գիտենք, միշտ չէ, որ հաջողել է: Մասնավորապես Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում /թեեւ ժամանակավորապես/ տեղի ունեցան գունավոր հեղափոխություններ, որոնցից հատկապես առաջին երկուսը անդառնալի հարված հասցրին ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերին:

Ներկայումս, իհարկե, Ռուսաստանը տնտեսապես է′լ ավելի թույլ վիճակում է, քան 2000-ականների սկզբին, սակայն նաեւ դրա արդյունքում շատ ավելի ագրեսիվ է իր աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության հարցում:

Այնպես որ, առաջիկայում պետք է ակնկալել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված քաղաքականության է′լ ավելի խստացում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ վերջինիս արբանյակ երկրներում եւ մասնավորապես ֆորպոստներում:




Լրահոս