Արդյոք այս անգամ կհաջողվի՞ Հայաստանի ներկայացուցչին նշանակել ՀԱՊԿ քարտուղար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետություն մեկնած Սերժ Սարգսյանն այսօր Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպմանը: Հատկապես վերջին միջոցառումը մեզ համար առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերում այն պատճառով, որ դեռեւս տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց, որ կազմակերպութան գլխավոր քարտուղարի նշանակման հարցը վերջնականապես կքննարկվի ապրիլին կայանալիք հանդիպման ընթացքում:

Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես հայտնի է, ըստ կազմակերպության նորացված կանոնադրության՝ ռոտացիոն է եւ դեռեւս երկու տարի առաջ այն պետք է անցներ Հայաստանին: Սակայն ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը նախ՝ 2015թ աշնանը հետաձգվեց մեկ տարով, ապա արդեն 2016-ին երկու անգամ տարբեր իրավիճակներ ստեղծվեցին, որպեսզի Հայաստանի ներկայացուցչի նշանակումը տեխնիկապես հնարավոր չլիներ:

Վերջին՝ արդեն հիշատակված տարեվերջյան գագաթնաժողովում անդամ երկրներից Բելառուսի նախագահը պարզապես չմասնակցեց՝ առանց որեւէ պատճառաբանություն ներկայացնելու՝ այդպիսով չեղարկելով այդ հարցի լուծումը:
Եվ հիմա շատ հետաքրքիր է՝ արդյոք այսօրվա հանդիպման ընթացքում, ի վերջո, հնարավոր կլինի այս հարցում հասնել կոնսենսուսի, թե մենք հերթական անգամ կլսենք նոր պարզաբանումներ, թե ինչու է նշանակումը վերստին հետաձգվում:

Մյուս կողմից էլ, սակայն, նկատենք, որ այս ոչ հեշտ փուլում, երբ վերստին շեշտակիորեն լարվեցին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, ՀԱՊԿ-ի դերակատարությունը առանձնահատուկ կարեւորություն է ստանում Ռուսաստանի համար, եւ համապատասխանաբար որոշակիորեն կարեւորվում է նաեւ այդ կառույցի թեկուզ ֆորմալ ղեկավարի ընտրության հարցը:

Ինչ խոսք՝ Հայաստանի ներկայացուցչի նշանակումն այս առումով պետք է որ միանգամայն ձեռնտու լինի Ռուսաստանին. ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանը, թերեւս, ամենամեծ կախվածություն ունեցողն է Ռուսաստանից: Սակայն արդյոք դա ընդունելի տարբերակ կլինի Ղազախստանի եւ Բելառուսի համար, արդյոք հենց ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ նրանց ձայնը ավելի բարձր չի հնչի ընդհանուր ժողովում՝ ի վնաս Հայաստանի շահերի:

Ամեն դեպքում՝ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ դոմինանտ երկիր, ստիպված է լինելու առաջիկայում չափավորել եւ բալանսավորել կազմակերպության անդամների վարքագիծը, հակառակ պարագայում որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ ստեղծված այս ռազմաքաղաքական դաշինքը առավել ցցուն կերպով կարձանագրի իր անլրջությունը: Իսկ դա այս փուլում Ռուսաստանին ձեռնտու չէ առավել, քան երբեւէ:




Լրահոս