Մաքրե՛նք Հայաստանն ամեն տեսակ աղբից. պետք է ասենք մեր հստակ և վճռական այո-ն վարչապետի այս ձեռնարկին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում անդրադարձել է մի խնդրի, որը վաղուց արդեն լուծում էր պահանջում: Կառավարության ղեկավարը հայտարարել է «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի մասին, եւ դրա շրջանակներում մի շարք հանձնարարականներ տվել գերատեսչությունների ղեկավարներին: Մասնավորապես արդարադատության նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել առաջարկություն՝ աղբահանության եւ սանիտարամաքրման ոլորտում իրավախախտումների համար հստակ պատասխանատվության նորմեր սահմանելու, նախատեսված վարչական տույժերը խստացնելու ու ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Գործադիր մարմնի ղեկավարներին էլ հանձնարարվել է երկամսյա ժամկետում միջոցառումներ իրականացնել՝ նրանց ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության ու սանիտարական խնդիրների վերացման ուղղությամբˋ մշակելով աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ: Իսկ ահա ոստիկանապետին էլ վարչապետը հանձնարարել է մեկամսյա ժամկետում ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ուժերով կանխել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը: «Անթույլատրելի վիճակ է: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել զբոսաշրջության վայրերին: Սեւանի եկեղեցու տարածքում եւ ճանապարհներին այնպիսի վիճակ է, որ ավելի լավ է այնտեղ զբոսաշրջիկ չտանել: Պետք է մաքսիմալ կոշտ լինել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Ինչ խոսք, կառավարության ղեկավարի այս հանձնարարականները ավելի քան տեղին են: Զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություններ ունեցող մեր երկրում, ի թիվս տասնյակ այլ խնդիրների, ենթակառուցվածքների, համապատասխան սերվիսի, անգամ զուգարանների բացակայության, զբոսաշրջիկների համար չափազանց վանող գործոն է աղտոտվածությունը: Սակայն զբոսաշրջային գրավչության բարձրացման կարեւոր խնդրից զատ՝ «մաքուր Հայաստան» ծրագրի իրագործումը կարեւոր է նախ եւ առաջ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար: Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ պետք է ասենք մեր հստակ եւ վճռական այո-ն վարչապետի այս ձեռնարկին՝ հույս հայտնելով, որ դրա իրականացման հարցում նա կլինի հետեւողական: Ինչ վերաբերում է երեկվա նրա հրահանգին՝ կարգազանցների հանդեպ լինել կոշտ, պիտի նկատենք, որ չսահմանված վայրերում աղբը թափելու համար քաղաքացիներին տուգանելուց առաջ հարկ է, որ նախ՝ տարվեն համապատասխան իրազեկման աշխատանքներ, ապա եւ՝ հստակ կերպով սահմանվեն ինչպես ներհամայնքային, այնպես էլ արտահամայնքային աղբավայրերը:

Այո՛, մաքրենք Հայաստանն ամեն տեսակ աղբից. սեփական տունը, փողոցը, քաղաքը մաքուր պահող քաղաքացիներն, ի վերջո, կհասնեն նաեւ երկրի քաղաքական դաշտի մաքրմանը:




Լրահոս