Ստոկհոլմի «Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը» երեկ հրապարակել է ռազմական ծախսերի վերաբերյալ իր տարեկան զեկույցը, որով դիտարկվում են աշխարհի հարյուրից ավելի երկրների ռազմական բյուջեները: Ու թեեւ աշխարհում կատարված ծախսերի ընդհանուր ցուցանիշի առումով, համեմատ 2015 թվականի, շատ մեծ տարբերություն չի գրանցվել. 1,7 տրիլիոն դոլարից այդ ցուցանիշը դարձել է 1,68 տրիլիոն, կոնկրետ մեր տարածաշրջանում արձանագրված փոփոխությունները բավականին ուշագրավ են: Այսպես՝ համաձայն զեկույցի՝ այստեղ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամը լինելով՝ արձանագրվել են ռազմական ծախսերի նշանակալի կրճատումներ: Մասնավորապես Հայաստանում անցած տարվա ընթացքում ռազմական ծախսերը կրճատվել են 5,5 տոկոսով, եւ դա չնայած այն հանգամանքին, որ հենց անցած տարի եղավ քառօրյա պատերազմը՝ ամենաարյունալի իրադարձությունը 94 թվականին հաստատված հրադադարի համաձայնագրից ի վեր: Զեկույցի հեղինակների ներկայացմամբ՝ պատճառը ֆինանսական ռեսուրսների սղությունն է՝ պայմանավորված մեր երկրի տնտեսական իրավիճակի վատթարացմամբ:
Ճիշտ նույն պատճառով այս դեպքում արդեն նավթի գների շեշտակի անկման արդյունքում ռազմական ծախսերի՝ շատ ավելի մեծ կրճատում է արել Ադրբեջանի կառավարությունը: Անցած տարվա ընթացքում մեզ պատերազմով սպառնացող այս երկրի ռազմական բյուջեն կազմել է մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլար՝ կրճատվելով ամբողջ 36 տոկոսով: Ուշագրավ է, որ ռազմական ծախսերի շեշտակի կրճատումներ են արել գրեթե բոլոր նավթարդյունահանող երկրները, եւ ասպասելի է, որ նավթի գների հետագա անկման դեպքում հաջորդող տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը էլ ավելի կնվազեն:
Մի կողմից՝ ներկայացված ցուցանիշն, իհարկե, ուրախացնում է. որքան քիչ ռեսուրսներ ներդնի Ադրբեջանը ռազմականացման մեջ, այդքան ավելի նվազ մարտունակ կլինի այդ երկրի զինուժը: Մյուս կողմից, սակայն, կանխատեսվող անկումը չի կարող չմտահոգել Ադրբեջանի իշխանություններին, որոնք հաշվարկելով տնտեսական անկման միտումները՝ կարող են հիմա դիմել արկածախնդրության, քանի դեռ բավականին ուժեղ են:
Անցած տարեվերջին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մամլո ասուլիսում հայտարարեց, որ պատերազմի վերսկսման վտանգի տեսանկյունից առանձնապես ռիսկային կարելի է համարել գալիք մեկ տարին: Եթե կարողանանք այդ փուլում դիմագրավել ադրբեջանական ռազմական ագրեսիայի փորձերին, ըստ փոխարտգործնախարարի՝ դրանից հետո պատերազմի վերսկսման վտանգը զգալիորեն կնվազի: Դատելով հեղինակավոր հետազոտական կենտրոնի ներկայացրած արդյունքներից՝ այս հաշվարկը կարելի է արդարացված համարել: