ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ՄԻԱՄԻՏԻ ՏԵՂ Է ԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ, անդրադարձել Հայաստանում անցկացված խորհրդարանական վերջին ընտրություններին եւ ԼՂ խնդրին:

Միայն թե ՀՀ ԱԺ ընտրությունների մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից տպավորություն էր, թե նրա կարծիքով դեսպանները բացարձակ անտեղյակ մարդիկ են, որոնք որեւէ գաղափար չունեն ապրիլի 2-ին Հայաստանում կայացած միջոցառումներից ու ամբողջական տեղեկատվությունը հենց իրենից էին լսում: Հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանն այնպիսի պայծառ գույներով է ներկայացրել խորհրդարանական վերջին ընտրությունները, կարծես ընտրակաշառք բաժանելը, վարչական ռեսուրսներ կիրառելը, մարդկանց նկատմամբ ճնշումները տեղի են ունեցել բոլորովին այլ երկրում եւ ոչ երբեք Հայաստանում:
«Ոչ միայն ընտրությունների պարագայում, այլ նաեւ բոլոր երեւույթները գնահատելիս մշտապես աշխատում եմ խուսափել «ամենա-ամենա» բնորոշումներից եւ նախընտրում գործընթացներին ուղղակի տալ համատեքստային գնահատական: Եւ կցանկանայի նշել, որ այս ընտրություններն արձանագրեցին այն կարեւոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության եւ պետականաշինության գործում»,- դեսպաններին փորձել է համոզել Սերժ Սարգսյանը եւ խոսել Հայաստանում բազմակարծության մասին, նաեւ առանձնացրել իշխանությունների եւ ընդդիմադիրների միջեւ ԸՕ-ի շուրջ քաղաքական համաձայնության կայացումը եւ այս առումով միջազգային համագործակցությունը:
Բայց ամենաուշագրավը նրա հայտարարություններն էին ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների մասին: «Մենք երախտապարտ ենք բոլոր դիտորդական առաքելություններին իրենց աշխատանքի եւ գնահատականների համար: Հատկանշական է, որ դիտորդական առաքելությունների գնահատականները հիմնականում համահունչ են, եւ շատ կարեւոր է, որ դրանք իրար չեն հակասում: Եթե դրանք տարբերվում են, ապա իրար փոխլրացնում են: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը փոխադարձ շահավետ է եւ լավ ավանդույթներ է ստեղծում մեր տարածաշրջանում»,- դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Եթե հիշում եք՝ միջազգային դիտորդական առաքելություններն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատները ԱԺ ընտրությունների մասին խոսելիս առանձնացրել էին համատարած ընտրակաշառքի բաժանման եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու երեւույթները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ապրիլի 3-ին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականի մեջ դրվատանքի խոսքեր հնչեցնելուց հետո նաեւ արձանագրել էր. «Ցավոք, գործընթացը խարխլվել է ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի, կրկնվող տեղեկություններով, ընտրողների մասնավորապես դպրոցներում ու հիվանդանոցներում քաղաքացիական ծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների ահաբեկումներով, ինչպես նաեւ վարչական դիրքի չարաշահմամբ»: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այս գնահատականները կրկնել էր ԵՄ խոսնակը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գնահատականին իրենց համաձայնությունն էին տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ մեջբերելով այդ հատվածը: Բացի այդ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մի քանի անգամ խոսել էր ընտրություններում ընտրակաշառք բաժանելու եւ պաշտոնյաների կողմից ճնշումներ գործադրելու մասին՝ ասելով, որ քաղաքական կոռուպցիան լուրջ սպառնալիք է Հայաստանի ապագայի համար:
Ու այսքանից հետո, երբ Սերժ Սարգսյանը չի առարկում հնչեցված գնահատականներին, դեռ ավելին՝ երախտագիտություն հայտնելով հնչեցված խոսքերի համար, ընդունում է միջազգային դիտորդների գնահատականները, ստացվում է՝ ինքն էլ իր հերթին անուղղակի հաստատում է, որ ընտրություններում անխնա ընտրակաշառք է բաժանվել, վարչական ռեսուրսն է գործի դրվել՝ ընտրողներին ճնշելու նպատակով, ու այդ բոլոր բացասական երեւույթները, վերջապես, իրենց հետեւանքներն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա: Բայց այս դեպքում արդեն հերքվում են «ընտրություններում կարեւոր առաջընթաց արձանագրելու» մասին Սերժ Սարգսյանի պնդումները. չէ՞ որ կապ չունի՝ ընտրությունների արդյունքները խեղաթյուրվել են՝ բիրտ մեթոդներով, լցոնումներով, արձանագրություններում կեղծ արդյունքներ գրելով, թե ընտրողների քվեն գնելու եւ ճնշումների ճանապարհով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԳՈՐԾԱԴԻՐՈՒՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ
Իշխանական վերնախավում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին որեւէ դեպքում չեն ցանկանում կրկին գործադիրում տեսնել: Ու քանի որ նա ԱԺ այս ընտրություններում Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու ու ստացել էր բավարար ձայն, կգործուղվի խորհրդարան: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Միհրան Պողոսյանին օրերս իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը եւ շատ բաց տեքստով ասել, որ գործադիրում նրա պաշտոնավարումը հաշված ամիսներ կարող է տեւել, ուստի լավ է, որ նա բավարարվի պատգամավորի կարգավիճակով: Պողոսյանն էլ ցանկություն է հայտնել լինելու ոչ թե սովորական պատգամավոր, այլ գոնե խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նախագահ: Նախկին ԱԱԾ-ական Մ. Պողոսյանը ցանկացել է գլխավորել պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, սակայն նրան բացատրվել է, որ դա անհնար է, քանի որ անունը կապված է օֆշորային սկանդալի հետ, ինչի պատճառով, հիշեցնենք, նա հրաժարական տվեց:

 

 

ԿՍԿՍԻ ՔՆՆԵԼ
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումի քննությունը Սահմանադրական դատարանը կսկսի ապրիլի 25-ից: «Ժողովուրդ» օրաթերթը դաշինքի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանից փորձեց պարզել, թե որպես փաստաբան ինչ սպասելիքներ ունի Սահմանադրական դատարանից.«Ես չեմ հոգնի ասել եւ սպասել, որ վաղ թե ուշ մենք պետք է ունենանք արդարադատություն մեր պետական մակարդակով, եւ ես սպասում եմ, որ ՍԴ-ն առնվազն գոնե խնդրի մի մասը ի զորու կլինի լուծել: Շատ ցավալի կլինի, որ հերթական անգամ այդպես չլինի, բայց այս անգամ, օրինակ, ինչու ոչ, կարող է եւ հենց այդպես լինել, բացի այդ՝ մենք այս անգամ ունենք այլ հնարավորություններ, իմ հույսը եւ սպասելիքն այն է, որ ինչ-որ մի մասով ՍԴ-ն ի զորու կլինի խնդիրը լուծել»,- ասաց Եգորյանը:

 

 

250 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՏՆՈՎ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը անցած տարվա ընթացքում բավականին ճոխ գնում է արել. նա մասնավորապես 250 հազար դոլար արժողությամբ անհատական բնակելի տուն է գնել: Ի դեպ, Այվազյանը անցած տարվա ընթացքում վերադարձրել է 250 հազար դոլարի չափով փոխառություն, վարկ: Նրա դրամական միջոցները կազմել են 12.9 մլն դրամ եւ 72 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 688 հազար դրամ: Նրա տիկինը՝ Մարիամ Գինոսյանը, ունի ընդամենը 1 մլն դրամի չափով դրամական միջոց եւ միայն: Տեղեկացնենք, որ Վարդան Այվազյանը նոր ձեւավորվող խորհրդարանում չի լինի. նա ՀՀԿ համամասնական ցուցակի 159-րդ տեղում էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով Կոտայքում պարտվել է ՀՀԿ-ի մյուս թեկնածուներին՝ Սամվել Սանամյանին ու Անդրանիկ Հարությունյանին:

 
ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 

ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
«Քաղաքի կենտրոնում ուղղակի դեկորատիվ ծաղիկներ տնկելը դեռ բարելավում չէ: Մանկապարտեզների անվճար լինելը նույնպես դեռ բարելավում չէ, որովհետեւ երեխաները եւ աշխատող մայրերը հնարավորություն չունեն հաճախելու մանկապարտեզ, որովհետեւ տարիներ շարունակ մանկապարտեզի հերթերի ներքո են գտնվում: Երեխան դառնում է 6 տարեկան, նույնիսկ ծննդյան օրվանից հերթագրված են լինում, բայց հերթը այդպես էլ չի հասնում: Դա կոռուպցիոն մեխանիզմի ներքո է գործում: Այստեղ էլ չկա որեւիցե բարելավում: Իսկ ավելի լավ Երեւանի համար պետք է նախ չգողանաս Երեւանից: Պետք է Երեւանի միջոցները չվատնես, չյուրացնես, իսկ նա իր պաշտոնավարման ընթացքում, դրա վերաբերյալ կան ոչ միայն միջազգային կազմակերպությունների զեկույցներ, Վերահսկիչ պալատի զեկույցը կա, դա ես չեմ կազմել, այդտեղ մատնանշվում է գողության եւ յուրացման մասին»,- երեկ հրավիրած ասուլիսում անդրադառնալով Տարոն Մարգարյանի գործունեությանը՝ ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

 

 

ՎՐԱՑ-ԻՐԱՆԱԿԱՆ
Վրաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումից հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆն ասել է, թե Իրանը ցանկանում է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ տրանսպորտային միջանցք ստեղծել, որին անպայման պետք է մասնակցություն ունենան Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը եւ Հայաստանը: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Իրանի արտգործնախարարին ուղեկցել են իրանցի շուրջ երեք տասնյակ գործարարներ ու ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Թբիլիսիում նաեւ անցկացվել է վրաց-իրանական բիզնես ֆորում: Առաջիկա օրերին էլ ակնկալվում է Վրաստանի վարչապետի այցը Թեհրան:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԼՐԱՑՎԵԼ Է
ՀՔԾ տեղեկացմամբ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 18 մեղադրյալի` նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են: Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների նկատմամբ քրեական գործն անջատել եւ մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին: Քրեական գործով մյուս մեղադրյալների եւ կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Շիրակի ոստիկանության մարզային վարչության փոխանցմամբ՝ Գյումրու 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը երեկ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ ապրիլի 16-ին՝ առավոտյան ժամը 9:30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը իր ազատ ժամին դուրս է եկել իր բնակության վայրից ու չի վերադարձել: Զինծառայողը եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի։




Լրահոս