ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կշարունակեն Ալիևին ընդունել ամենաբարձր մակարդակով` անտեսելով նրա սուլթանապետության հերթական դրսևորումը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ տարբեր տրամաչափի եվրոչինովնիկներ հայտարարում են Ադրբեջանի հետ առանց վիզայի ռեժիմի անցման հեռանկարի հավանականության մասին, մինչ Եվրամիության երկրները մանդատ են տալիս՝ Ադրբեջանի հետ համապարփակ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցելու համար, այդ երկիրը, դեռեւս խորհրդային տարիներին հայտնի կարգախոսի բառերով ասած, «լայն քալերով» գնում է դեպի բռնապետություն: Ի թիվս մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ակնհայտ ոտնահարման այլ աղաղակող դեպքերի, Ալիեւի վարչակազմը հիմա էլ դատական կարգով է ձեռնամուխ եղել իր համար անցանկալի էլեկտրոնային լրատվամիջոցները լռեցնելուն: Մասնավորապես երեկ Բաքվի Սեբայիլի շրջանային դատարանը սկսել է քննել տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության կենտրոնի հայցը, որով կառավարությունը պահանջում է արգելափակել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի էլեկտրոնային էջը:

Եվ մինչ տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կսկսեն հերթական զեկույցները հրապարակել՝ դատապարտելով ալիեւների սուլթանապետության այս հերթական դրսեւորումը, այդ նույն ընթացքում Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն Ալիեւին ընդունել ամենաբարձր մակարդակով, իսկ Ադրբեջանն էլ հռչակել կարեւոր գործընկեր: Ռուսաստանի մասին չենք խոսում, քանի որ այդ երկիրը բռնապետական ռեժիմների հանդեպ առանձնակի սեր ունի:
Բայց ինչ վերաբերում է ժողովրդավարական արժեքները տարփողող Արեւմուտքի այս երկակի ստանդարտներին եւ հանուն նավթի աչքակապությանը, նկատենք, որ դա խիստ մտագոհիչ մոտեցում է մեզ համար:
Եթե ՀՀ իշխանությունները մինչ այս ամեն կերպ փորձում էին հաճոյանալ Արեւմուտքին՝ թեկուզ իմիտատիվ ժողովրդավարության խորացմանն ուղղված քայլերով, ապա այսուհետ հատկապես Արեւմուտքից դրամաշնորհների նվազմանը զուգահեռ՝ նրանք կարող են տարածաշրջանում բալանսը պահելով՝ ավելի անկաշկանդ հետեւել հարեւան երկրի օրինակին եւ կոշտացնել պայքարը անցանկալի լրատվամիջոցների գործունեության դեմ: Ի՞նչը եւ ո՞վ պետք է խոչընդոտի իր վերարտադրման հարցը շատ սահուն կերպով լուծած Սերժ Սագսյանի վարչակարգին:

Ի վերջո, եթե ի պատասխան ԱՄՆ կոնգրեսականների քննադատությանը եւ շրջանառության մեջ դրված «Ադրբեջանում մարդու իրավունքների մտահոգիչ վիճակը» անվանմամբ նախագծին՝ Ադրբեջանի Մեջլիսը պաշտոնապես շրջանառության մեջ է դնում եւ քննարկում «ԱՄՆ-ում մարդու իրավունքների մտահոգիչ վիճակը» անվանմամբ նախագիծ, եւ դրանից հետո Ալիեւը Նյու Յորքում արժանանում է ԱՄՆ նախագահի եւ փոխնախագահի բարձր ընդունելությանը, ապա պետք չէ զարմանալ, որ հիմա էլ նա ձեռնամուխ է եղել նույն ԱՄՆ պաշտոնական ֆինանսավորմամբ գործող «Ազատություն» կայքէջի փակմանը:




Լրահոս