ՎիվաՍել-ՄՏՍ.վեբ հոսթինգի ծառայություն` IPv6 տարբերակի հիման վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական կարևոր քայլն է կատարել համացանցի հետ կապված ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Ընկերությունն իր վեբ հոսթինգի ծառայություններից օգտվողներին այդ ծառայություններն այսուհետ նաև տրամադրում է ինտերնետային արձանագրության նոր` IPv6 տարբերակի հիման վրա:

Վեբ հոսթինգի ծառայությունը կազմակերպություններին և անհատներին թույլ է տալիս կայքը կամ կայքէջը հասանելի դարձնել համացանցում՝ տեղակայելով դրանք սերվերների վրա: Ինտերնետ արձանագրության IPv6 տարբերակի հիման վրա գործող կայքերը կշարունակեն աշխատել նաև IPv4 արձանագրություններով: Տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է առավել մեծ հնարավորություններ ընձեռել վեբ հոսթինգի ծառայություններից օգտվող իր՝ կորպորատիվ և անհատ բաժանորդներին՝ հաշվի առնելով այն, որ 1981-ից գործող IPv4 արձանագրության հասցեներն արդեն սպառված են և IPv6 տարբերակի հիման վրա գործելը խթանում է տվյալների փոխանցման բոլոր ծառայություններից օգտվող բաժանորդների քանակի փաստացի աճը՝ առանց սահմանափակման:

Վեբ հոսթինգի ծառայությունից բացի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև առաջարկում է ամպային (cloud) լուծումներ, ինչպես նաև դոմենների գրանցում՝ .AM և .հայ տիրույթներում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն ձայնային և 3G/4G ցանցերում տվյալների փոխանցման ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է, այլև հեռահաղորդակցության ոլորտում համալիր լուծումների առաջատար: Վեբ հոսթինգի, դոմենների գրանցման և ամպային ծառայություններ, բջջային հավելվածներ, բջջային և առցանց վճարումներ, ինչպես նաև՝ IP հեռուստատեսության ու հեռախոսակապի, և ֆիքսված ինտերնետի ծառայություններ. առաջ ենք շարժվում բոլոր այս ուղղություններով և նոր անակնկալները դեռ առջևում են», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:




Լրահոս