Չի կարող մամուլը ազատ լինել մի երկրում, որտեղ չկան ազատ տնտեսական հարաբերություններ, իսկ հայաստանյան մի քանի լրատվամիջոցների ղեկավարներին պետք է հերոսի կոչում տալ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը, որի համաձայն՝ 199 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը: Անցած տարվա նման ունենալով 63 միավոր՝ մեր երկիրը շարունակում է մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում: Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը 4-րդ տեղում է՝ իրենից առաջ թողնելով Վրաստանին, Ուկրաինային եւ Մոլդովային: Նկատենք, որ ընդհանուր ազատության մակարդակով Հայաստանը դասված է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ ահա համացանցի ազատությամբ՝ ընդգրկված է ազատ երկրների ցանկում:

Մեր հարեւաններից Ադրբեջանն ու Իրանը, հայտնվելով ամենացածր վարկանիշ ունեցող երկրների տանյակում, կիսել են 190-րդ տեղը՝ 90 միավորով, Թուրքիան՝ 163-րդ տեղը՝ 76 միավորով: Իսկ ահա Վրաստանը զբաղեցրել է 102-րդ տեղը՝ 50 միավորով՝ շարունակելով մնալ «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում եւ ցույց տալով տարածաշրջանում լավագույն արդյունքը: ՀՀ ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, հայտնվել է 174-րդ տեղում՝ 83 միավորով՝ ԵՏՄ-ում մեր մյուս դաշնակիցը համարվող երկրի՝ Բելառուսի նման դասվելով «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքին:

Նշենք, որ զեկույցում մանրամասն անդրադարձ է արված անցած ամռանը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին՝ դա որակելով «անարգանք»:

Այսպիսով՝ ՀՀԿ-ական իշխանութան կողմից այնքան հաճախ տարփողվող «ձեռքբերումը» մամուլի ազատության հարցում, միջազգային հեղինակավոր կառույցի համար տեսանելի չէ. վերջին տարիներին Հայաստանի ցուցանիշներն այդպես էլ չեն բարելավվում: Սա, իհարկե, միանգամայն համահունչ է երկրում առկա քաղաքական եւ տնտեսական իրավիճակին, երբ բարեփոխումները՝ դատական համակարգի անկախության, մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարում այդպես էլ խոսքերից գործի չեն վերածվում, ընդհակառակը առկա «գաղջ» մթնոլորտը գնալով ավելի է արմատավորվում, ինչի ցցուն դրսեւորումն էին վերջին խորհրդարանական ընտրությունները:

Ի վերջո, չի կարող մամուլը ազատ լինել մի երկրում, որտեղ չկան ազատ տնտեսական հարաբերություններ, ազատ գործարարներ, որոնք չեն ենթարկվում հարկային եւ այլ բնույթի ճնշումների, եւ որտեղ անգամ մեկ դրամի հոսքը վերահսկվում է: Եվ այն, որ Հայաստանը դեռ շարունակում է մնալ ազատ համացանց ունեցող երկիր, կարելի է համարել մեծ ձեռքբերում, իսկ դա ապահովող մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներին էլ հերոսի կոչում տալ` առհասարակ գործունեություն ծավելելու համար:




Լրահոս