Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի աշխատակիցների հետ կապված կոռուպցիոն սկանդալը նոր թափ է հավաքում: Երեկ էլ հայտնի դարձավ, որ առանցքում հայտնված դերակատարներից մեկի՝ Հայաստանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի բանկային պահոցից առգրավվել է ահռելի գումար՝ շուրջ 400 միլիոն դրամի չափ, ինչպես նաեւ՝ թանկարժեք զարդեղեն: Ընդ որում, դրամաշնորհային միջոցների հափշտակության այս գործընթացը սկսվել եւ ծավալվել է դեռեւս 2009 թվականից: Ասել է, թե տարիներ ի վեր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կոչեր արող կառույցն ինքն է թաթախված եղել կոռուպցիայի մեջ: Արդյոք կարող էր դրամաշնորհների համակարգողի չափազանց պատասխանատու պաշտոնում հայտնված դերակատարը /դերակատարները/ տարիներ ի վեր գործել՝ առանց ղեկավարության իմացության, դժվար է հավատալ, թեեւ, իհարկե, բացառել էլ չի կարելի:
Անշուշտ, այս ամենի բացահայտմանն ուղղված գործընթացը եւս ԵՄ պատվիրակության ղեկավարության ջանքերի շնորհիվ է տեղի ունեցել, եւ սա, բնականաբար, տալիս է նշված հարցի պատասխանը, սակայն, թերեւս, միայն գործող ղեկավարության մասով: Ամեն դեպքում, այս պատմությունը չափազանց վատ անդրադարձ կունենա Հայաստանում այդ կառույցի՝ չափանիշներ թելադրելու կեցվածքի հանրային ընկալման վրա: Բնականաբար, հանրության մոտ չեն կարող կասկածներ չառաջանալ ԵՄ կողմից նաեւ առաջիկայում իրականացվելիք դրամաշնորհային ծրագրերի հետ կապված:
Ի վերջո, վերը նշված 400 միլիոն դրամն ու զարդեղենը, փաստորեն, ցույց են տալիս, որ ԵՄ գրասենյակի կալանավորված աշխատակիցը ոչ ավել, ոչ պակաս, դոլարային միլիոնատեր է դարձել ԵՄ գրասենյակում գործող համակարգային կոռուպցիայի արդյունքում: Նման հնարավորություններով, վստահաբար, էլի գայթակղվողներ կլինեն, եթե իսպառ չփոխվի դրամաշնորհների հատկացման ողջ ընթացակարգը՝ սկսած ծրագրերի հաստատումից, դրանց շրջանակներում հայտերի ընդունումից, քննարկումից, վերջացրած ֆինանսական միջոցների տրամադրմամբ ու վերահսկողությամբ:
Սակայն կոնկրետ ԵՄ հայաստանյան գրասենյակի գործունեության հանրային ընկալման հետ կապված առկա է եւս մեկ կարեւոր հանգամանք. գրասենյակի եւ ՀՀ իշխանությունների համագործակցությունն էր՝ ընտրական նոր օրենսգրքի եւ նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացի հետ կապված, ինչի արդյունքում ապրիլի 2-ին կայացան ՀՀ պատմության մեջ թերեւս ամենատխուր ընտրությունները՝ եվրոպական օրհնությունը ստացած համատարած թավշյա ընտրակեղծարարությամբ:
Եվ ահա այս ամբողջի համատեքստում առնվազն տարակուսելի են այս օրերին սոցիալական ցանցերում ոմանց կողմից շրջանառվող պնդումները, թե ՀՀ-ում ԵՄ գրասենյակի վարկաբեկումը ռուսների ձեռքի գործն է: Եթե անգամ դա այդպես է, շատ մեծ հարց է, թե ինչու եւ ինչպես է այդ ձեռքը մտել անմիջականորեն ԵՄ գրասենյակ: