Արա Աբրահամյանը մեղադրեց Սերժ Սարգսյանին. արտերկրից ներդրումներ կատարող գործարարները ռիսկի չեն դիմի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում ներդրումային ոչ բարենպաստ միջավայրին: Մեկ տարի առաջ ՀՀ-ում քաղաքական գործունեություն սկսելու մտադրության մասին հայտարարած, ապա դրա մտքից սահուն կերպով հրաժարված կամ հրաժարեցված գործարարը վատ քողարկված նեղսրտվածությամբ ասել է. «Ես ցավում եմ, էդ ընտրությունները, որ դուք շանս ունեիք եւ դուք, չգիտեմ, ոնց եք օգտագործել: Կա հիմա նոր նախարարներ, կա նոր վարչապետ, ճի՞շտ ա:

Ձեւավորվում ա նոր կառավարություն, ընտրություններ ենք անցկացրել: Հիմա մենք բոլորս պետք է ստեղծենք մեխանիզմ իրենց խոստումների կատարմանը: Սա էլ ա ռեֆորմ, որ հասարակական կազմակերպությունները, թղթակիցները ընդհանրապես հսկում են իրանց ասածները: Եթե մեկը ասել ա՝ ես հարյուր դոլար պետք ա ներդնեմ, որ ասեք՝ բա անցավ էդ ժամանակը, Դուք խոսք էիք տվել, ի՞նչ եղավ»:

Լրագրողներին ուղղված Աբրահամյանի այս հորդորը անպատասխան չթողնելով՝ նախ թերեւս արժի այդ հարցը ուղղել հենց իրեն՝ մեծն գործարարին, ով 2008թ. Սերժ Սարգսյանի՝ ներդրումներ անելու կոչին ի պատասխան՝ բաց նամակով խոստացավ ՀՀ-ում կատարել ոչ թե հարյուր, այլ ամբողջ 150 միլիոն դոլարի ներդրում: Որն է պատճառը, որ Արա Աբրահամյանն այդպես էլ չկատարեց իր խոստումը: Ու թեեւ երեկվա ճեպազրույցում նման հստակ հիշեցում չեղավ, այդուհանդերձ, Աբրահամյանը նշեց, որ ՀՀ-ում ներդրումային պայմանները բարենպաստ չեն. «Հարյուր տոկոսով ոչ… Ես հիմա մտածում եմ որպես բիզնեսմեն:

Ինչո՞ւ պետք ա գամ, էստեղ ներդրում անեմ, որտեղ կա վտանգ, որ ես կարամ իմ փողը կորցնեմ… Ես` որպես հայ մարդ, հայրենասեր… մենք դա պետք ա հաշվի առնենք, բայց դրա հետ միասին մենք բոլորս հասկանանք, որ եթե մենք բոլորս գանք, ինչ-որ կիսատ-պռատ բաներ անենք, մենք էլ չենք կարող լինել այն բիզնեսմենները, որ կանք: Մեզ պետք ա միասնական մոտեցում լինի»:

Այսպիսով՝ Արա Աբրահամյանը բացահայտ կերպով մեղադրում է Սերժ Սարգսյանին, ում պաշտոնավարման շրջանում արմատավորվել է անպիսի մի համակարգ, երբ արտերկրից ներդրումներ կատարող գործարարները, անգամ հայազգի, կանգնած են իրենց փողը կորցնելու վտանգի առջեւ:

Ընդ որում, նկատենք, որ սա այն քիչ դեպքերից է, երբ Արա Աբրահամյանի ասածները ոչ միայն ընկալելի են, այլեւ անհերքելի: Ուշագրավ է, որ Աբրահամյանն իր քննադատության սլաքը ուղղում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ կառավարության ներկայիս ղեկավարի դեմ՝ այս դեպքում մեղադրելով իր ծառայություններից բավականաչափ օգուտ չքաղելու մեջ:

Մասնավորաես անդրադառնալով իր ղեկավարած միության կողմից երեկ կազմակերպված միջոցառմանը՝ նա նշեց. «Ռուսաստանի ամենախոշոր բանկերից մեկի տնօրենը՝ Գերման Գրեֆը, դահլիճում նստած էին տասնհինգ հոգի, մարդ էլ չկար, որ խոսար իրանց հետ: Դա դժբախտություն ա, դա ցույց ա տալիս իշխանությունների աշխատանքը»:




Լրահոս