Հարց քաղաքացիներից` դասախոսը մանկավարժ համարվո՞ւմ է, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ դասախոսը մանկավարժ համարվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա խնդրում եմ ասեք՝ դասախոսը ի՞նչ է համարվում, ի՞նչ է կոչվում նա:
Գեւորգ Հայրապետյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հայրապետյանի բարձրացրած հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով:
Դասախոսը բարձրագույն մասնագիտական կրթական համակարգի գիտամանկավարժական աշխատող է, որը տեսական, գործնական, մասնագիտական գիտելիքներ է դասավանդում ուսանողներին, սովորողներին եւ նպաստում է դրանց յուրացմանը:
Իսկ մանկավարժական աշխատողը սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող եւ (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից (համաձայն հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ ենթակետով):

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրա Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ասպիրանտը բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող եւ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձն է, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան: Իսկ դոկտորանտը՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձեւակերպված անձը:




Լրահոս