ՀՀ-ում ներդրումները կարող են լինել արդյունավետ և պաշտպանված՝ բացառապես երկրի ղեկավարի կամ նրա ընտանիքի անդամների «բարձր» հովանու ներքո. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր վերջին 28 տարիներին Հայաստանում ամենաշատ ներդրումներ կատարած երկրների ցուցակը: Ընդհանուր առմամբ կատարվել է 6 տրիլիոն 278 մլրդ դրամի, կամ ներկայիս փոխարժեքով հաշվարկելու դեպքում՝ մոտ 13 միլիարդ դոլարի ներդրում: Պաշտոնական ցուցանիշների վրա հիմնված այդ ցուցակի առաջին հորիզոնականում՝ 37 տոկոս ցուցանիշով կամ 2 տրիլիոն 282 մլրդ դրամի ներդրումներով, Ռուսաստանի Դաշնությունն է: Երկրորդ տեղում՝ 647 մլրդ դրամ ներդրումներով, Գերմանիան է, երրորդում՝ Ֆրանսիան՝ 505 միլիարդ դրամ ցուցանիշով:

Ուշագրավ է, որ ԱՄՆ այդ ցուցակում զբաղեցնում է ընդամենը ութերորդ տեղը՝ Արգենտինայից եւ Կանադայից հետո, կատարված 210 միլիարդ դրամի ներդրումներով: Առավել մտահոգիչ է, սական, մեկ այլ ցուցանիշ՝ ՀՀ-ի համար ռազմավարական կարեւորություն ունեցող հարեւան երկիրը՝ Իրանը, անցած 28 տարիներին կատարել է ընդամենը 3,3 միլիարդ դրամի ներդրում, որը կազմում է ընդհանուրի 0,05 տոկոսը միայն: Էլ ավելի պակաս են Վրաստանի, Բելառուսի, եւ Ղազախստանի ցուցանիշները: Այս թվերը լավագույնս ցույց են տալիս ՀՀ նախորդ բոլոր իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության պատկերը, որը, մեղմ ասած, տխուր է: Բացառապես սյուզերեն երկրի՝ Ռուսաստանի կատարած ներդրումների հույսին մնացած ֆորպոստ, որի` եվրոպական երկրներից ստացած ներդրումներն էլ հիմնականում հանքարդյունաբերական ոլորտում են արվել, ինչը, ցավոք, բացի մեր երկրի ընդերքի թալանումից՝ որեւէ դրական մուլտիպլիկատիվ էֆեկտ չի ունեցել:

Աշխարհի խոշորագույն տնտեսություններից՝ Չինաստանից ներգրավված 0.1 տոկոսի ներդրումները եւս չափազանց խոսուն են եւ ցույց են տալիս, որ մեր իշխանությունները բոլոր ժամանակներում, բացի խոսելուց եւ հանուն իրենց իշխանության պահպանման, մեր երկրում այս կամ այն հզորությունը անհամեմատ էժան գնով ռուսներին կամ ամերիկացիներին /ավելի քիչ/ զիջելուց՝ աշխատատար, սակայն հեռանկարային ներդրումային քաղաքականություն չեն վարել: Հակառակ դեպքում գոնե հարեւան երկրներից Իրանի հետ նման տխուր պատկեր չէր լինի, առավել եւս պարբերաբար տարփողվող հայ-իրանական տարբեր «աշխարհացունց» նախագծերի ֆոնին՝ հայ-իրանական երկաթուղի, Արաքսի վրա ՀԷԿ, նավթավերամշակման գործարան եւ այլն, եւ այլն:

Եվ զարմանալի է, որ գլոբալ նախագծերում ձախողված ՀՀ իշխանությունները վերջին երկու տարիներին ամեն կերպ փորձում են տարբեր երկրներում աշխատող օտարերկրյա դիվանագետներին այդ խնդրով ծանրաբեռնել` մոռանալով, որ նրանք ոչինչ չեն կարող անել, քանի որ այլեւս բոլորի համար հայտնի իրողություն է, որ Հայաստանում ներդրումները կարող են լինել արդյունավետ եւ պաշտպանված՝ բացառապես երկրի ղեկավարի կամ նրա ընտանիքի անդամների «բարձր» հովանու ներքո: Իսկ լուրջ տնտեսական կառույցները դժվար թե ցանկանան կռանալ այնքան, որ տեղավորվեն նման հովանու տակ:




Լրահոս