ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից Հայաստանն էապես տուժեց. ադրբեջանական դիվանագիտության հերթական հաղթանակը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ երեկ գրանցվեց ադրբեջանական դիվանագիտության հերթական հաղթանակը. երեկ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը: Ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակի. «ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ է ունեցել` հայտարարելով, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ:

Ինչպես հունվարին Մշտական խորհրդում կատարած հայտարարության մեջ, այնպես էլ երեկ ավստրիական նախագահությունը բարձր է գնահատել հարցին լուծում գտնելու ուղղությամբ Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը: Հայաստանի մոտեցումներն ըստ արժանվույն են գնահատվել նաեւ այլ մասնակից երկրների կողմից»:

Թե ում են պետք այդ գնահատականները, արդեն կարեւոր չէ, քանզի փաստն այն է, որ ամիսներ ի վեր ԵԱՀԿ ղեկավարության, ինչպես նաեւ կառույցին անդամակցող մի շարք ազդեցիկ երկրների գործադրած ջանքերն ի զորու չեղան փոխելու Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը եւ օգտվելով որոշումների կայացման կոնսենսուսային կարգից՝ այդ երկիրը, փաստորեն, հասավ Երեւանյան գրասենյակի փակմանը:

Եվ այն պնդումները, որ մեր ԱԳՆ-ի ներկայացուցիչն անում է, թե «Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ» միանգամայն իրավացի լինելով հանդերձ, այնուամենայնիվ, չեն կարող մեզ համար լինել բալասան: Ի վերջո, մենք գրեթե ամեն շաբաթ ականատես ենք լինում այդ անջրպետի խորացման մի նոր դրսեւորման, սական միջազգային հանրությունն այդպես էլ իր կոշտ վերաբերմունքը չի արտահայտում այդ առնչությամբ: Առավելագույնը այս կամ այն եվրոչինովնիկի մակարդակով արվող հայտարարություններն են, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց մոռացվում են՝ մնալով անհետեւանք:

Այնինչ՝ Հայաստանը այս գրասենյակի փակումից էապես տուժեց, քանի որ երեւանյան գրասենյակը իրականացնում էր մի շարք կարեւոր ծրագրեր՝ կապված հատկապես ՀՀ սահմանամերձ գյուղերի հետ: Թե այսուհետ ով է անելու այդ աշխատանքը, պարզ չէ:

Ոչ պակաս կարեւոր է նաեւ ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցման զուտ քաղաքական կողմը, քանզի այսպիսով եւս մեկ միջազգային կառույց, եւս մեկ վերահսկող աչք /թեեւ՝ ոչ բացարձակ արդյունավետ/ մեր իշխանությունների գործունեության նկատմամբ պակասում է, եւ սա, անխոս, ունենալու է իր զգալի բացասական ազդեցությունը մեր երկրում ժողովրդավարական համակարգի արմատավորման վրա:

Եվ, վերջապես, ինչպես հայտնի է՝ Երեւանը Անդրկովկասում միակ երկիրն էր, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակ. թե՛ Բաքվում, թե՛ Թբիլիսիում նման գրասենյակները տարիներ առաջ փակվել են, եւ, այսպիսով, Երեւանը գոնե այս հարցում հանդիսանում էր տարածաշրջանային կենտրոնակայան: Բայց, փաստորեն, դա էլ չհաջողվեց պահպանել Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հետեւողական ջանքերի արդյունքում:




Լրահոս