Արդյոք անցած մեկ տարվա ընթացքում մեր զինված ուժերի մարտունակությունը բարձրացել է. ի՞նչ հակաքայլեր ունի հայկական կողմն այս իրավիճակում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի սահմանի արեւելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական, պաշտպանական բնույթի օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ միավոր ռազմական, պաշտպանական տեխնիկա: Բարեբախտաբար՝ ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել: Հայաստանի պաշտպանության նախարարությունը կատարվածի առնչությամբ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Նկատենք, որ ապրիլյան պատերազմին հաջորդող մեկ տարվա ընթացքում սա նմանօրինակ առաջին միջադեպն է, եւ ուշագրավ զուգադիպությամբ այն տեղի է ունենում մայիսի 16-ի՝ Վիեննայի հանդիպման նախօրեին: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անմիջական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվ մասնակցությամբ Վիեննայում կայացավ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Ի. Ալիեւի եւ Ս. Սարգսյանի հանդիպումը, որի արդյունքում հնարավոր եղավ հասնել հարաբերական խաղաղության հաստատմանն ու որոշակի համաձայնությունների՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ: Բացի այդ՝ մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններով, ըստ էության, ավարտվեց Հայաստանում ներքաղաքական փոփոխությունների ցիկլը, ինչի ընթացքում, ըստ չգրված օրենքի, արտաքին միջադեպերն ու զարգացումները առժամանակ դադարել էին:

Եվ հիմա Ադրբեջանի այս հերթական սադրանքը որոշակի ուղերձ է պարունակում, եւ հայկական կողմից պատասխան գործողությունների դիմելու դեպքում չի բացառվում ռազմական նոր էսկալացիան: Ի՞նչ հակաքայլեր ունի հայկական կողմն այս իրավիճակում, արդյո՞ք անցած մեկ տարվա ընթացքում մեր զինված ուժերի մարտունակությունը բարձրացել է, իսկ մեր քաղաքական դիքերն էլ՝ ամրապնդվել: Ցավոք, այս հարցերի պատասխանները միանշանակ չեն, հատկապես վերջինի մասով: Իսկ եթե այս ամենին էլ գումարենք նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակի՝ Հայաստանի համար ոչ նպաստավոր փոփոխությունները, ապա բավականին մռայլ սպասումներ են ձեւավորվում:

Այնինչ՝ ապրիլյան պատերազմն այն առիթն էր, որը հայկական կողմը կարող էր եւ պետք է օգտագործեր ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման միջազգային հստակ երաշխիքներ կորզելու ուղղությամբ. մի բան, որի ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում մեր դիվանագիտական միտքն այդպես էլ ի զորու չեղավ արդյունավետ քայլեր կատարելու: Դրան որոշակիորեն կարող էր նպաստել մեր դիվանագիտական կորպուսի ղեկավարության փոփոխությունը, ինչը, սակայն, վաղուց արդեն ՀՀ իշխանությունների որոշումների տիրույթում չէ:




Լրահոս