Մոսկվայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում խայտառակ իրավիճակ է. ինչու է ՀՀ ԱԳՆ-ն քար լռություն պահպանում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ծագած սկանդալը՝ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնած ներդրողների ակումբի անդամ, քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի հետ, առիթ դարձավ, որպեսզի ի հայտ գան նոր խայտառակ դրվագներ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործունեության շուրջ: Բանն այն է, որ ըստ չեխական մամուլի՝ Կառլովի Վարի քաղաքում օրեքով գողերի հավաքը ֆինանսավորած Թաթուլյանը՝ Ռոբսոնը, այդ երկիր է ուղեւորվել դիվանագիտական անձնագրով: Ավելին՝ պարզվում է՝ քրեական աշխարհի այս ներկայացուցիչը տեղաշարժվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տրամադրած 138 D 307 77 RUS համարանիշի ավտոմեքենայով: Այս կապակցությամբ EADaily-ն հրապարակել է Kavkazoved.info-ի հոդվածը Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանի գործունեությունում առաջացած խնդիրների մասին:

Ըստ պարբերականի՝ Տողանյանը բախվել է տարբեր կլանների ու քրեական խմբավորումների դիմադրությանը, երբ որոշ կոմերցիոն կառույցներից պահանջել է ազատել Հայաստանի դեսպանատանը պատկանող տարածքները: Կայքի ներկայացմամբ՝ ՀՀ դեսպանը փաստացի զինված դիմադրության է հանդիպել, ինչի արդյունքում ստիպված է եղել ընտանիքին որոշ ժամանակով Եվրոպա ուղարկել: Աղբյուրի փոխանցմամբ՝ բանը հասել է նրան, որ դեսպանատան շենքում անօրինական գործունեություն ծավալողներին հեռացնելու համար օգտագործվել են չեչենական մասնավոր թիկնազորային խմբեր: Տողանյանը մի քանի անգամ ստիպված է եղել գիշերով դեսպանատուն գնալ այդ վարձակալների հետ բանակցությունների համար:

ՀՀ նորանշանակ դեսպանը նաեւ չեղյալ է արել մի շարք քրեական խմբերին տրված դիվանագիտական համարանիշերը: Մասնավորապես վերջին մեկ ամսում մոտ 20 համարանիշեր են չեղյալ արվել: Բայց սա էլ դեռ ամենը չէ: «Կարգի բերելով հյուպատոսական հաստատությունները, որտեղ տարատեսակ գանձումները սովորական երեւույթ էին, պարզվել է, որ մինչեւ վերջերս մի շարք ռուսական քաղաքներում տեղական քրեական խմբավորումների հետ համագործակցությամբ հյուպատոսական ուղեկցման ծառայություններ են գործել»,- ասված է հրապարակման մեջ: Այսքանով սահմանափակելով Մոսկվայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը՝ նկատենք, որ այս հոդվածի հրապարակումից երկու օր է անցել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն քար լռություն է պահպանում:

Անշուշտ, չի բացառվում, որ նշված տեղեկատվական աղբյուրը հավաստի չէ, որ դա ընդամենը սեւ քարոզչական հնարք է, սակայն Ռուբեն Թաթուլյանի հետ կապված չեխական մամուլում տեղ գտած արտահոսքերի ֆոնին ներկայացված տեղեկատվությունը առավել քան արժանահավատ է թվում: Բայց եթե անգամ դա այդպես էլ չէ, ՀՀ ԱԳՆ-ն պարզապես պարտավոր է արձագանքել կամ հերքել կայքի ներկայացրած տեղեկատվությունը, կամ էլ պարզաբանել, թե ինչպես է նման իրավիճակ ձեւավորվել ՀՀ համար առանցքային կարեւորություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունում:




Լրահոս