Ինչ է անում հայկական կողմը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ՝ բացի անգործությունը որպես հպարտ արհամարհանք ներկայացնելուց. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը Ադրբեջանի պատվիրակությունը հերթական անգամ փորձեց օգտագործել ղարաբաղյան հակամարտության շուրջ իր ավանդական վայնասունը բարձրաձայնելու նպատակով: Ու թեեւ ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը բավականին տեղին հակադարձեց, եւ նրա արձագանքը կարծես թե ունեցավ ադեկվատ ընկալում, այդուհանդերձ, չի կարելի չնկատել, որ Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի ելույթը մեծ հաշվով ծառայեց իր նպատակին, քանի որ արդյունքում ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձավ նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նա նախ՝ փորձեց խոսքով խոցել ՀՀ փոխարտգործնախարարին՝ նկատելով, թե նա իրավացի է, երբ նշում է, որ ՍԾՏՀ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է նման քաղաքական հարցեր բարձրացվեն եւ մեղադրանքներ հնչեցվեն, բայց եւ ընդգծեց. «Այստեղ գտնվող պատվիրակներից միայն Դուք եք, որ Ձեր ելույթը ամբողջովին նվիրեցիք քաղաքական մեղադրանքների թեմային»: Ապա Էրդողանը առիթը բաց չողնելով՝ հայտարարեց, թե խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ-ն, գտնվում է դահլիճում: Էրդողանը հույս հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն 20 տարուց ավել տեւող այս հակամարտության լուծումը:

Անշուշտ, Ադրբեջանի կողմից ցանկացած հարթակ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ սեփական մոտեցումների բարձրաձայնման համար օգտագործելու պրակտիկան երբեմն նյարդայնացնում է այլ երկրների պատվիրակներին, ինչը այնքան հաճախ սիրում են ընդգծել ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչները: Սակայն ով է ասել, որ սեփական խնդրի մասին անընդհատ բարձրաձայնելով՝ նյարդայնացնելը պակաս արդյունավետ միջոց է այդ խնդրի լուծման անհրաժեշտության ընկալմանը հասնելու ճանապարհին: Ի վերջո, հայտնի խոսք կա՝ չլացող երեխային չեն կերակրում, եւ Ադրբեջանը հենց այս տրամաբանության շրջանակներում նախանձելի հետեւողականությամբ, եւ ինչ էլ ասենք, բավականին արդյունավետ կերպով օգտագործում է բոլոր հնարավոր եւ անհնարին առիթները:

Իսկ ինչ է անում հայկական կողմը՝ բացի անգործությունը որպես հպարտ արհամարհանք ներկայացնելուց: Տարիներ ի վեր ադրբեջանական նման լկտի պահվածքին եւ ստահոդ ելույթներին ի պատասխան՝ հայկական կողմից հետեւած լուռ քմծիծաղները հասցրել են նրան, որ այսօր արդեն նորմալ է համարվում Ադրբեջանի «իրավունքը»՝ ցանկացած հարցակից փախստականների եւ 20 տոկոս տարածքի օկուպացիայի մասին խոսելու, իսկ ահա երբ հայկական կողմից որեւէ մեկը փորձում է հակադարձել, դա ընկալվում է որպես տհաճ եւ անտեղի անակնկալ:




Լրահոս