Հիշեցում. ով էր Սեյրան Օհանյանը մինչ պաշտոնից զրկվելը. Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման ևս մեկ նրբերանգ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո երեկ համաներմամբ կալանավայրից ազատ արձակվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նա, հիշեցնենք, վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ խարդախության եւ խարդախության փորձի մեղադրանքով: Վոլոդյա Ավետիսյանը այն եզակի ազատամարտիկներից էր, ով 2012 թվականից սկսած՝ հետամուտ եղավ ազատամարտիկների սոցիալական խնդիրների բարձրաձայնմանը: Նա տարբեր բողոքի ակցիաներ կազմակերպեց, որոնք հետզհետե ավելի մարդաշատ եւ ընդգրկուն դառնալու միտում ունեին: Սակայն ազատամարտիկի նկատմամբ հարուցվեց արդեն հայտնի մեղադրանքը, եւ նա մեկուսացվեց պայքարի թատերաբեմից:

Նկատենք, սակայն, որ Վոլոդյա Ավետիսյանի սկսած պայքարն անհետեւանք չանցավ. նրանից հետո ազատամարտիկների խնդիրների մասին բարձրաձայնումները շատացան, եւ կառավարությունը ստիպված եղավ որոշակի բարեփոխումներ կատարել: Դրան զուգահեռ, սակայն, կանխազգալով ազատամարտիկների սոցիալական խնդիրների հետ կապված բողոքի ուղղորդման վտանգավորությունը՝ իշխանությունների հրահանգով, որոշ դեպքերում էլ՝ կոնկրետ քաղաքական ուժերի հովանավորությամբ, բացվեցին տարբեր միություններ եւ կազմակերպություններ, որոնք հայտարարեցին, թե հետամուտ են լինելու ազատամարտիկների խնդիրների լուծմանը: Թե ինչով ավարտվեց այդ միությունների «պայքարը», հայտնի է բոլորին: Մի քաղաքական ուժից մեկ այլ քաղաքական ուժի տանիքի տակ տեղափոխվող ազատամարտիկները, որոնք ժամանակին ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, այսօր գրեթե բոլորը տարբեր պատճառներով, սակայն միանգամայն համերաշխ լռում են. անգամ երբ խոսքը վերաբերում է ազատագրված տարածքների հանձնմանը:

Եվ այս առումով Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակումը կարող է իշխանության համար վերածվել նոր գլխացավանքի: Երեկ ազատամարտիկի արած հայտարարությունները, որոնցում նա հայտնում էր իր անփոփոխ տեսակետը գործող իշխանության եւ անձամբ Սերժ Սարգսյանի մասին, ցույց տվեցին, որ երեք ու կես տարվա բանտարկությունը որեւէ կերպ չի ազդել ազատամարտիկի սկզբունքների վրա: Եվ բավականին տխուր էր այն, որ Վոլոդյա Ավետիսյանը կալանավայրից դեռ նոր դուրս եկած՝ խոսեց կորսված 800 հա տարածքների եւ Արցախին հարակից շրջանները հանձնելու անթույլատրելիության մասին, իսկ ահա բազմաթիվ «պագոնավոր արյուն թափածները» այս մասին վաղուց արդեն մոռացել են:

Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակումը նաեւ մեկ այլ նրբերանգ ունի՝ կապված ընդդիմադիր դաշտ տեղափոխված, սական վերջերս անգամ այնտեղից անհետացած ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հետ, ում թեթեւ ձեռքով էլ, ըստ էության, երեք ու կես տարով լռեցվեց Վոլոդյա Ավետիսյանի ձայնը: Ազատամարտիկը երեկ արդեն հիշեցրեց մոռացողներին, թե ով էր Սեյրան Օհանյանը մինչ պաշտոնից զրկվելը:




Լրահոս