Արտեմ Ասատրյանը կրկին «ջրից չոր դուրս եկավ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ԺՊ Արտեմ Ասատրյանը կառավարության նիստին գնման գործընթացը իրականացնելու վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացրեց: Ինչն էլ կառավարության կողմից ընդունվեց: Նշենք, որ որոշման նախագիծը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներով, սայլակներով եւ լսողական սարքերով ապահովելուն:

Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ հաշմանդամություն ունեցող անձինք արդեն 5 ամիս է, ինչ չեն ստանում իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Պատճառը դատական քաշքշուկներն են, որոնց մեջ ներգրավված են պրոթեզները մատակարարող ընկերությունները: Ինչի արդյունքում հաշմանդամները չեն սպասարկվում: Սակայն Ասատրյանը նոր է բարեհաճում կառավարության անդամներին ներկայացնել խնդիրը եւ որոշման նախագիծ ներկայացնել:

Նա պարտավոր էր այս խնդրի մասին ավելի վաղ, ամիսներ առաջ տեղեկացնել գործադիրին: Իսկ երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչու ենք հասել այս վիճակին, նա հարցին չեզոք պատասխան տալով՝ փորձեց «ջրից չոր» դուրս գալ, նրան անհարմար վիճակից հանեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` պատասխանելով վարչապետի հարցին: Ի դեպ, Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ նախարարներ նշանակվեցին եւ վերանշանակվեցին, սակայն Արտեմ Ասատրյանի մասով դեռ որոշում չկա:




Լրահոս