Մինսկի խմբի սկսած գործընթացը շարունակություն կունենա՞. Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը գաղտնազերծվեց. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում յոթ հոգով ավելացնելու միջազգային դիտորդների թիվը: Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել յոթ հոգով ավելացնելու միջազգային դիտորդների թիվը: Դրան երկու կողմերը համաձայն են: Սակայն պահպանվում են տարաձայնությունները որոշ դետալների վերաբերյալ, ներառյալ դիտորդների տեղակայման վայրերի, նրանց ֆինանսավորելու կարգի եւ այլ տեխնիկական հարցերի շուրջ: Այդ հարցերի համաձայնեցման ուղղությամբ ներկայումս զբաղված է ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների հետ միասին, ինչպես նաեւ՝ կողմերի ներկայացուցիչները»,- ասել է Պոպովը:

Այսպիսով՝ Ադրբեջանը, փաստորեն, մի ամբողջ տարի ձգձգելուց հետո, ի վերջո, համաձայնել է գնալ Վիեննայի համաձայնություններից ամենա ոչ նշանակալիի կյանքի կոչմանը, այն էլ՝ մասնակիորեն: Սակայն Կասպրչիկի գրասենյակն ընդամենը 7 հոգով համալրելու հետ կապված էլ,դատելով Պոպովի հայտարարությունից, Ադրբեջանն իր պայմաններն է առաջադրում:

ouԱյստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. եթե այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս ապրիլի 28-ին, ինչու է այդ մասին միայն հիմա խոսվում եւ ինչու այդ մասին լռեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Եթե ապրիլի 28-ին այդ մասին բարձրաձայնելը նպատակահարմար չէր, քանի որ պայմանավորվածությունը հստակ չէր, այդ դեպքում ինչ է փոխվել հիմա, որ Պոպովը հանդես է գալիս հայտարարությամբ:

Չի բացառվում, որ այդպիսով ռուս համանախագահը փորձում է Ադրբեջանի իշխանություններին հասկացնել, որ չի կարելի՝ մի կողմից բանակցել եւ համաձայնության գալ, մյուս կողմից՝ վերադառնալով կազմակերպել նոր ռազմական սադրանք:

Գաղտնազերծելով Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը՝ ըստ ամենայնի, ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է նաեւ ադրբեջանական հանրությանը իրազեկել, որ ինչքան էլ ալիեւյան վարչակազմը հոխորտում է եւ երկրի ներսում քարոզում, թե բանակցությունների ընթացքում իրենք միայն մեկ հարց են բարձրացնում. պահանջում են Ղարաբաղի անհապաղ վերադարձ, իրականում բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի իշխանությունները լավ էլ լսում են միջնորդների առաջարկություններն ու խոստումներ տալիս: Սա կարելի է դիտարկել որպես երկրորդ քայլը Մինսկի խմբի վերջին՝ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունից հետո: Արդյո՞ք այս գործընթացը կունենա շարունակություն, պարզ կդառնա առաջիկայում:




Լրահոս