Սերժ Սարգսանի հրամանագրերով երեկ վերանշանակվեցին եւս չորս նախարարներ եւ այդպիսով՝ ՀՀ նոր կառավարության կազմը համալրվեց բացառապես նախորդ կառավարության ներկայացուցիչներով: Միակ նորությունը Դավիթ Հարությունյանի պորտֆելի փոփոխությունն էր, այն էլ վերապահումով կարելի է նորություն համարել՝ հաշվի առնելով, որ Հարությունյանը մինչ այս էլ զբաղեցրել էր արդարադատության նախարարի պաշտոնը:
Այսպիսով՝ ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ Կարեն Կարապետյանի «պրոֆեսիոնալների» թիմի վերանշանակումից: Անցած հոկտեմբերին հանրությանը ներկայացած «անկուսակցական մենեջերների» այդ խումբը շատ արագ հանրապետականացվեց, եւ այժմ արդեն հանրությանը ներկայանում է որպես քաղաքական թիմի մաս, որը պատասխանատու է ոչ միայն երկրի տնտեսական հիմնախնդիրների, այլեւ անցկացված խորհրդարանական ընտրությունների եւ մնացած քաղաքական գործընթացների համար: Սա շատ կարեւոր ամրագրում է, որը զգալի նշանակություն է ունենալու առաջիկա ամիսներին, երբ առավել կսրվի 2018-ից հետո վարչապետի պաշտոնի համար պայքարը:
Եվ կախված այն բանից, թե ով այդ պայքարում ինչպիսի դիրքեր կունենա՝ «պրոֆեսիոնալների խմբի» քաղաքական պատասխանատվության հարցը, ըստ այդմ էլ կխաղարկվի:
Իսկ մինչ այդ նկատենք, որ Կարեն Կարապետյանի պրոֆեսիոնալների «դրիմ թիմն» անցած ութ ամիսների ընթացքում աչքի է ընկել միայն հանձնարարականների սիրահար վարչապետի ցուցումներով տարատեսակ ծրագրերի եւ ռազմավարությունների մշակմամբ: Դրանցից որեւէ մեկի հստակ իրագործումը, սակայն, առայժմ տեսանելի չի եղել: Մինչդեռ ութ ամիսը բավականաչափ ժամանակահատված է, որն աչքի առջեւ ունենալով՝ կարելի է արդեն կանխատեսել, որ վերանշանակված կառավարությունը նույնկերպ էլ կաշխատի առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ առավելագույնս երկարաձգելով «պրոֆեսիոնալ աշխատանքի» իմիտացիան:
Առհասարակ, այս կառավարությունը լավ աշխատելու մոտիվացիա չունի. ինչ կարիք կա մեծ ճիգեր գործադրել երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ, եւ հեշտացնել իրենց պաշտոնանկ անողի՝ ապագա վարչապետի գործունեությունը: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշվի, որ վարչապետի պաշտոնում մնալու է Կարեն Կարապետյանը, առավել եւս՝ որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու կարիք չի լինի, եւ այս կառավարությունը կկարողանա հանգիստ շարունակել իր գործունեությունը:
Իսկ այդ ընթացքում երկրի տնտեսական վիճակն է՛լ ավելի կվատթարանա՝ հասնելով արդեն համընդհանուր ճգնաժամի: Քանզի Կարեն Կարապետյանի խոստովանած՝ չափազանց վատ վիճակում գտնվող տնտեսությամբ երկրում ամիսներով անգործության մատնվող կառավարություն պահելը կործանարար շքեղություն է: