Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզի աղմկահարույց ձերբակալություններից. ինչպես բացահայտվեց դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Գեղարքունիքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ մանրամասներ էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի վարորդի գործով: Այս գործով էլ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին կաշառքի գործով կալանավորվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի Աղվան Պետրոսյանի վարորդ Կարենը: Սակայն այս պատմությունը փաստորեն չի ավարտվել միայն վարորդի կալանավորմամբ: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդից բացի՝ կալնավորվել են  նաև այլ անձինք, այդ թվում՝ Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբայրը` Հայկ Կարապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, ցանկացել է կալանքի տակ գտնվող իր որդուն դատարանի միջոցով ազատ արձակել: Նա պատրաստ է եղել կլորիկ գումար տալ դատավորներին, որպեսզի նրանք այնպիսի վճիռ հրապարակեն, որ կալանավորված որդին ազատության մեջ հայտնվի: Ու այս առիթով մոտ 10 ամիս առաջ Վարդենիս քաղաքի բնակիչները Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբորը՝ Հայկ Կարապետյանին են տվել մոտ 10 հազար դոլար, որպեսզի նա գործը գլուխ բերի՝ օգնելով ազատել կալանքի տակ գտնվող տղային:

Ըստ էության Հայկ Կարապետյանը տեւական ժամանակ կալանավորվածին չի կարողացել ազատել, գործընթացը դանդաղել է: Իսկ երբ կալանավորված տղայի հարազատները զանգահարել եւ հարցրել են, թե երբ են որդուն ազատ արձակելու, Կարապետյանը բացատրել է, որ իրենից ոչինչ կախված չէ, ինքն ընդամենը միջնորդ է: Եւ այսպես «գործի մեջ է խառնվել» կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված վարորդ Կարենը: Ըստ ամենայնի, նա է գլուխ գովել, թե կլուծի հարցը: Թե ինչ է եղել իրականում, դժվար է ասել, քանի որ կալանավորվածների տեսակետը հայտնի չէ:

Հետաքրքիր է, որ անգամ կալանավորվածների հարազատներն են անտեղյակ դեպքի մասին: Միայն հայտնի է, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդ Կարենը և Հայկ Կարապետյանը կալանավորված են: Այս պատմության մեջ, թերեւս, ամենակարեւոր հանգամանքն այն է, որ կալանավորվածների հարազատները բողոք չեն ներկայացրել, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է մոտ 10 ամիս առաջ տեղի ունեցած պատմությունը հայտնի դարձել իրավապահներին:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահներն այս աղմկահարույց դեպքը բացահայտել են գաղտնալսում իրականացնելով: Նրանք լսել են, թե ինչպես են Վարդենիս քաղաքի բնակիչները զանգահարում Հայկ Կարապետյանին եւ հետաքրքրվում՝ երբ է ազատվելու իրենց որդին: Զրույցի մանրամասները կասկածելի հարցեր են առաջացրել, եւ «прослушка»-ի տակ գտնվողները թիրախավորվել են:

Քնար Մանուկյան




Լրահոս