ՖՈՏՈ. Ինչ հանգամանքներում է 14-ամյա աղջիկն ընկել հորանը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 01.06.2017թ. թիվ 600 հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որն իրականացրել է 2017թ. մայիսի 30-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում տեղի ունեցած ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննություն եւ կազմել եզրակացություն:

Արտադրական վտանգավոր օբյեկտի նկարագրություն

Վերելակը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան 74/1 շենքում: Այն մարդատար է, 320 կգ բեռամբարձությամբ, 0,71 մ/վ անվանական արագությամբ եւ 9 հարկային կանգառով:

Վերելակը 04.09.2006թ. գրանցված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, «Նարեկ» համատիրության կազմում՝ ԱՎՕ 6/2-0083, հերթական ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվել է 23.12.2016թ. եւ ստացել է դրական եզրակցություն:

Արտադրական դժբախտ դեպքի հանգամանքները

Ժամանելով դեպքի վայր, հանձնաժողովը պարզեց՝ վերելակը հոսանքազրկված է, իսկ խցիկը գտնվում է 8-րդ եւ 9-րդ հարկերի արանքում: Բոլոր հարկերում հորանի դռները փակ էին, իսկ վերելակի խցիկի դռները կիսափակ վիճակում արգելափակված էին:

Հանձնաժողովը հիմնվելով ականատեսներ Նունե Մխիթարյանի, Վարդան Մխիթարյանի եւ Վիկա Արզումանյանի բացատրությունների վրա պարզեց, որ՝

ս/թ մայիսի 30-ին, ժամը 18:30-ի սահմաններում Վիկա Արզումանյանը, Լուսինե Զաքարյանը եւ Նունե Մխիթարյանը մտնում են Աղայան 74/1 շենք հասցեում գտնվող մարդատար վերելակը եւ սեղմում 3-րդ հարկի կոճակը: Վերելակը կանգնում է 3-րդ հարկում, Նունե Մխիթարյանը դուրս է գալիս վերելակից եւ նկատում, որ վերելակը հորանի եւ խցիկի բաց դռներով սկսում է շարժվել վերեւ: Լուսինե Զաքարյանը, տեսնելով, որ վերելակը շարժվում է բաց դռներով, փորձում է դուրս գալ վերելակից, ինչի հետեւանքով, կորցնելով հավասարակշռությունը, խցիկի հատակի ու հորանի դռների շեմի միջեւ առաջացած բացվածքով ընկնում է հորանը, իսկ վերելակը շարունակում է ընթացքը մինչեւ 6-րդ եւ 7-րդ հարկերի արանքը, որտեղ եւ Վիկա Արզումանյանը, տեսնելով, որ խցիկի դռները սկսում են փակվել, ոտքերով պահում է դռները եւ օգնություն կանչում: Հարեւանները, լսելով վերելակից եկող օգնության կանչերը, Վարդան Մխիթարյանի օգնությամբ վերելակից դուրս են բերում Վիկա Արզումանյանին, ապա իմանալով, որ Լուսինեն խցիկից ընկել է հորանը, իջնում են 1-ին հարկ եւ հորանի գետնախորշից հանում Լուսինեին, որին շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց:

Արտադրական դժբախտ դեպքի պատճառը

Արտադրական դժբախտ դեպքի պատճառ է հանդիսացել վերելակի բաց դռներով շարժվելը` դռների փակման էլեկտրական շղթայի չգործելու հետեւանքով: Համաձայն «Վերելակների եւ դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 09.02.2006թ. N 692-Ն որոշման պահանջների թիվ 307 կետի՝ «Հորանի եւ խցիկի դռների փակման հսկող անջատիչները պետք է անջատեն էլեկտրական շղթան, եթե հորանի եւ խցիկի դռների փեղկերից թեկուզ մեկը չի փակվում» եւ ըստ թիվ 310 կետի՝ «Հորանի դռների ավտոմատ փականների փակվելը վերահսկող անվտանգության էլեկտրական սարքավորումը պետք է անջատի անվտանգության շղթան` դռները փակված չլինելու դեպքում»:

Տուժող Լուսինե Զաքարյանն ինքնուրույն փորձել է դուրս գալ շարժվող՝ վերեւ ընթացող, վերելակի խցիկից, այսինքն՝ ինքնաէվակուացման հետեւանքով էլ ընկել է հորանը:




Լրահոս