ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 13-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ /Հայաստանի, ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի և ՄԶԳ Տեղահանված երեխաների և որբերի հարցերով հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկայացվել է ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «MEASURE Evalutaion» ծրագիրը: Հայաստանը այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է ծրագիրը, որի նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է երեխաների պաշտպանության ոլորտում: Առաջարկվող ծրագրով կձևավորվի թիմ, որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերը:
Կարևորելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ երկարամյա համագործակցությունը՝ նախարարը նշել է, որ այս փուլում, երբ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, հետագա համագործակցության ուղիների նախանշումը շատ արդիական է:
«Այսօր իրականացվող բարեփոխումներն իսկապես խորը գնահատման կարիք ունեն: Մենք ունենք մոնիթորինգի և գնահատման համակարգ, հաստատված մեթոդաբանություն, որով գնահատում ենք մի քանի տասնյակի հասնող ծրագրեր՝ ստուգելով դրանց արդյունավետությունը: Ներկայում առաջնահերթությունը տրվել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին»,-նշել է նախարարը: Արտեմ Ասատրյանը վստահություն է հայտնել, որ սերտ համագործակցությունը գնահատման ծրագրի շրջանակներում կլրացնի և կամբողջացնի նախարարության կողմից իրականացվող գնահատման աշխատանքները:
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի ներկայացուցիչն իր հերթին բարձր է գնահատել նախարարության հետ համագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանը երեխաների ոլորտում իր ունեցած առաջընթացով ու կատարած աշխատանքով առաջիններից է այն 9 երկրների շարքում, որտեղ նա զբաղվում է երեխաների պաշտպանության բարեփոխումների ծրագրերով:
«Այս գնահատման նախաձեռնությունը, կարծում եմ, կնպաստի երեխաների պաշտպանության ուղղությամբ մեր կողմից համատեղ իրականացվող աշխատանքներին: Մենք ունենք շատ լավ թիվ, տեղում կարող ենք մեծ աջակցություն ցուցաբերել: Նախաձեռնությունը անշուշտ առաջնորդելու է ՀՀ կառավարությունը, իսկ գնահատման թիմը տեխնիկական աջակցությունն է ապահովելու»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով, որ ընդհանուր գործընթացի շրջանակում գնահատման նախաձեռնությունը կօգնի, որպեսզի ՀՀ կառավարությունը տեսնի՝ ոլորտում ինչ առաջընթաց է եղել և ինչպես պետք է շարունակել աշխատանքները:
Անդրադառնալով առաջարկվող ծրագրին՝ նախարարը կարևորել է բարեփոխումների իրականացման փուլում համակարգի աշխատողների կարողությունների հզորացումը, ինչը հետագայում հնարավորություն կտա ավելի առարկայական արդյունքներ ապահովել ոլորտում:
Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին