Հարց քաղաքացիներից՝ ամուսնության ընթացքում կուտակած գույքի բաժանումն ինչպե՞ս է կատարվում ամուսնալուծության դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ամուսինների համատեղ կյանքի ընթացքում կուտակած գույքի բաժանումն ինչպե՞ս է կատարվում ամուսնալուծության դեպքում: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն: Նելլի Սահակյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնական հարաբերությունների փաստացի դադարեցման ժամանակ ամուսինների անջատ բնակեցման շրջանում նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած գույքը ենթակա չէ բաժանման: Գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ժառանգել կամ ստացել է նվիրատվության տեսքով, հանդիսանում է այն ամուսնու սեփականությունը, ով ժառանգել կամ նվեր է ստացել եւ ենթակա չէ բաժանման: Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած պարտավորությունները՝ վարկերը, պարտքերը, ամուսնալուծության ժամանակ նույնպես ենթակա են բաժանման: Հայաստանի ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ անկախ հանգամանքից կինն ու ամուսինը կամուսնալուծվեն, թե ոչ, իրավունք ունեն բաժանել ընդհանուր սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը: Ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ գույքի սեփականության իրավունքը չի դադարում ամուսնալուծությունից հետո: Ամուսնալուծության ժամանակ ենթակա է բաժանման միայն ամուսնության ընթացքում համատեղ կուտակած գույքը, այդ պատճառով գույքի բաժանման որոշում ընդունելիս առաջին հերթին անհրաժեշտ է ճշգրտել բաժանման ենթակա գույքի կառուցվածքը: Մինչ փաստացի ամուսնությունը ձեռք բերված գույքը ենթակա չէ բաժանման եւ բաժանվող գույքի կազմի մեջ չի մտնում: Ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի ժառանգած, նվիրաբերված գույքը նույնպես ենթակա չէ բաժանման:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամուսինների ընդհանուր գույքից, անկախ նրանից՝ ում դրամական միջոցներով կամ անունով է այն ձեռք բերվել, բաժանման ենթակա են` ամուսինների ընդհանուր եկամուտից գնված շարժական եւ անշարժ գույքը, արժեթղթերը, բաժնետոմսերը, ավանդները, վարկային կամ այլ կոմերցիոն կազմակերպություններում ներդրված միջոցները եւ ցանկացած այլ գույք, որն ամուսինները ձեռք են բերել ամուսնության ընթացքում:




Լրահոս