Ավանդույթ դարձած հանդիպում՝ նոր սպասելիքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծագործական խմբի հետ՝ ամփոփելու 2016-2017թթ. համերգաշրջանի գործունեությունը և՛ միջազգային բեմում, և՛ տարբեր փառատոների շրջանակում արձանագրած նվաճումները: Նվագախբի և գլխավոր գործընկերոջ միջև ավանդույթ դարձած հանդիպումն իր ձևաչափով դարձյալ եղել է անմիջական: Քննարկվել են և՛ աշխատանքային ընթացիկ, և՛ մասնագիտական թեմաներից մինչև առօրյա հարցեր՝ նոր ակնկալիքների և ձեռքբերումների սպասումով:

Վերջին տարիներին ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հանդես է եկել Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Լեհաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Լիբանանի, Ռուսաստանի և այլ երկրների մեծ բեմերում ու հեղինակավոր փառատոների շրջանակներում: 2016-2017թթ. համերգաշրջանում նվագախմբի համերգաշարը եղել է խիտ՝ լի հիշարժան իրադարձություններով. նվագախումբը հանդես է եկել սիմֆոնիկ, կամերային համերգներով և մասնակցել է միջազգային փառատոների: Առավել առանձնահատուկ է եղել սեպտեմբերին կազմակերպված՝ Արցախի Ակախության 25-ամյակին նվիրված համերգը: Համերգաշրջանը հետաքրքիր է եղել նաև յուրահատուկ նորարարությամբ. «Շելկունչիկ»-ի բոլորովին նոր՝ 3D ձևաչափի ներկայացմամբ, որը թերևս առաջինն էր ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում:

«Ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքն ակնհայտ է. ունեք կատարողական բարձր արվեստ և ոչ թե պարզապես ստեղծագործում եք, այլ ձևավորում եք ճաշակ և կրթում սերունդներ: Ուրախ եմ տարիների մեր համագործակցության և այդ գործընթացին որոշակիորեն մասնակցություն ունենալու համար: Շարունակեք նույն ոգով ու եռանդով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նվագախմբի անդամների հետ զրույցի ընթացքում:

Արդեն շուրջ ութ տարի է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ամուր կանգնած է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքին՝ որպես գլխավոր գործընկեր: Այս համագործակցության շնորհիվ նվագախումբն այսօր, հասնելով կատարողական բարձր մակարդակի, հնարավորություն ունի բուռն գործունեություն ծավալելու ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:




Լրահոս