Հայաստանի իշխանությունները պարզապես թույլիկի կեցվածք են ընդունել ու զբաղված են «նվնվալով». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ընդգծելով, որ խնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակն առաջընթաց է պահանջում, ինչի պատճառով վերջերս տարբեր ձեւաչափերում կոնտակտներն ավելի հաճախակի են դարձել: «Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրենց մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Սակայն գոյություն ունի խնդրի կարգավորման գործող ձեւաչափ, որը ենթադրում է կոմպրոմիսների փնտրտուք»,- ասել է նա եւ հավելել, որ փոխզիջումների փնտրտուքը ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում, որքան էլ դրանք երբեմն հակասեն իրար: «Սա միջազգային պրակտիկա է, գտնել շփման կետեր՝ առաջին հայացքից անլուծելի թվացող հարցերում: Իրավիճակն առաջընթաց է պահանջում, ուստի վերջին ժամանակներում տարբեր ձեւաչափերում կոնտակտներն ավելի ինտենսիվ են դարձել»,- ասել է Զախարովան եւ ընդգծել, որ ՌԴ-ն ամեն հնարավորն անում է, որպեսզի կողմերը հասնեն փոխզիջման. «Իհարկե, կցանկանայինք, որ փոխզիջումը գտնվեր, որքան հնարավոր է, շուտ, սակայն դա չպետք է տեղի ունենա ի վնաս երկու ժողովուրդների, իհարկե, նաեւ այն մարդկանց, որ ուղղակի ապրում են Լեռնային Ղարաբաղում»:

Հատկանշական է փաստը, որ օրերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էր խոսել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ՌԴ դերի մասին` շեշտելով, որ բարձր է գնահատում նրանց միջնորդական ջանքերը: «Չնայած ադրբեջանական կողմի՝ համաձայնագրի կատարումը խափանելու շարունակական փորձերին, այդ թվում նաեւ անցած տարվա ապրիլին նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններին, Հայաստանը Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ միասին շարունակում է ջանքերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը եւ հակամարտությանը՝ բացառապես խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է նա:

Եթե հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ-ի եւ ԵԱՀԿ ՄԽ անդամ մյուս երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի  կոնկրետ քայլերը նկատելի են, ապա անհասկանալի է` ի՞նչ են անում կոնկրետ հակամարտության կողմերը: Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ խուսափում են ձեռք բերված պայմանավորվածություններից՝ հընթացս պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը: Իսկ ահա Հայաստանի իշխանությունները զբաղված են ընդամենը միջազգային հանրության մոտ Ադրբեջանի հասցեին դժգոհություններ հնչեցնելով ու նեղսրտվելով, որ նրանք այդպես էլ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ քայլեր չեն անում: Ասել է, թե Հայաստանի իշխանությունները պարզապես թույլիկի կեցվածք են ընդունել ու զբաղված են «նվնվալով»: Ու հետաքրքիրն այն է, որ ե՛ւ ՀՀ, ե՛ւ Ադրբեջանի իշխանություններին ուղղակի ձեռք է տալիս այս իրավիճակը. չէ՞ որ սա իշխանությունը պահելու հրաշալի միջոց է:




Լրահոս