ԽԱՉԻԿ ՁԱՁԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բավականին հետաքրքիր տեղեկություններ է ստացել խորհրդարանական իր աղբյուրներից: Ըստ այդմ` ԱԺ կուլուարներում երեկվա հիմնական քննարկման թեման եղել է թերթի հրապարակումն այն մասին, որ գալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրված Խաչիկ Մանուկյանին ՀՀԿ-ն պատրաստվում է զոհել հանուն Արագածոտնի  մարզպետի եղբորն Ազգային Ժողով բերելու: Երեկ այն եզակի օրերից մեկն էր, որ Խաչիկ Մանուկյանը ներկայացել էր ԱԺ նիստերին, սակայն նիստի աշխատանքներին աչալուրջ լինելու ու գոնե մեկ անգամ ինչ-որ նախաձեռնությամբ կամ ելույթով հանդես գալու փոխարեն «պատերի տակ» քննարկել է իր մասին հրապարակված լուրը: Ընդ որում, քննարկել այն համատեքստում, թե նման խոսակցությունները պարզապես անհեթեթ են: Անհեթեթությունն էլ այն է, որ Ազգային Ժողովը, մեջբերում ենք. «Չի  կարող այդ աստիճանի իջնել, որ նման մարդկանց դարձնի պատգամավոր»: Հիշեցնենք, որ Խ.Մանուկյանի ու մարզպետ Սարգիս Սահակյանի  հարաբերությունները, մեղմ ասած, լարված են, որն էլ հանցագործ դրսեւորումներ ստացավ Աշտարակի ձորում` կրակոցներ  եւ այլն, երբ Ս.Սահակյանը նշանակվեց մարզպետի պաշտոնում:Ի դեպ, Խ.Մանուկյանը  մինչ օրս հրաժարվում է որեւէ մեկնաբանություն անելուց` կապված այդ միջադեպի հետ: Երեկ հրաժարվեց մեկնաբանել նաեւ մեր հարցը, թե ինչ է խոսել Աժ-ում` մեր թերթում հրապարակված լուրի կապակցությամբ:




Լրահոս