Այսօր կյանքին հրաժեշտ է տվել ԵՀՄՖ-ի նախագահության անդամ, Սլովակիայի
հայկական համայնքի փոխնախագահ, տաղանդավոր երաժիշտ և փայլուն
դաշնակահարուհի Հասմիկ Հրաչյաի Գաբրիելյանը:
Նա ծնվել էր Գյումրիում 1955 թ. նոյեմբերի 27-ին: Ավարտել էր Երևանի Պետական
Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը:
Համերգներով հանդես էր եկել Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում,
Վիեննայում, Պրահայում, Բրատիսլավայում և այլ եվրոպական կենտրոններում:
Համարվում էր Յ.Ս. Բախի անզուգական մեկնաբան: Միջին Եվրոպայի երկրներում
հանդես էր գալիս համերգներով՝ ծրագրում պրոպագանդելով հայ դասականների
գործերը:
Հատկապես հիանալի մեկնաբանությամբ ներկայացնում էր Ա. Խաչատրյանի,
Ալ. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Գ. Հովունցի և այլոց հայտնի գործերը:
Հասմիկ Գաբրիելյանի համերգները վերածվում էին հայ մշակույթի կարևորագույն
իրադարձությունների: Այդ համերգների և մշակութային միջոցառումների շնորհիվ
Սլովակիայի պառլամենտի և կառավարության մեծ մասը ծանոթացավ հայոց
ցեղասպանության փաստի հետ:
Հասմիկ Գաբրիելյանը մեկն էր, որ իր ամուսնու՝ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ
Գրիգորյանի կողքին անմնացորդ պայքարեց հայոց ցեղասպանության բանաձևի
ընդունման համար. 2004 թ. նոյեմբերին այդ պայքարն ավարտվեց փայլուն հաղթանակով
և Սլովակիայի ԱԽ-ը հաստատեց հայոց ցեղասպանության շուրջ բանաձևը:
Հասմիկ Գաբրիելյանը մասնակից է եղել հայ դատի շուրջ մղվող ողջ անցուդարձին:
Ծնել և դաստիարակել է երկու հայրենասեր դուստրերին՝ Անի և Տաթևիկ
Գրիգորյաններին, որոնք ստացել են փայլուն իրավաբանական կրթություն Անգլիայի
ամենահեղինակավոր համալսարաններում:
Մինչև վերջին պահը տիկին Գաբրիելյանը ապրում էր Հայաստանի խնդիրներով և
անմնացորդ օգնում իր հայրենիքին: Նրան ճանաչողները զարմանում էին նրա
մարդկության նկատմամբ ունեցած անսահման սիրո, անհավատալի բարության, չափեր
չունեցող ներողամտության և բարձր մարդկային հատկությունների վրա:
Նրա կորուստը անվերականգնելի է և ապրած կյանքը բացառիկ օրինակ
սերունդների համար:
Նրա հիշատակը կմնա պայծառ բոլորիս սրտում:
ԵՀՄՖ-ի նախագահություն
Սլովակիայի հայկական համայնքի նախագահություն
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
Բրատիսլավա, Սլովակիա
27.06.2017