Ներքին ռեսուրսները չեն բավականացնում խնդիրները լուծելու համար. Հայաստանը պետական պարտք է կուտակում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարը, իշխանությունները շտապում են հանգստացնել, թե երկիրն այդ առումով վճարունակության հետ կապված խնդիրներ չունի: Ավելին՝ կառավարությունը շարունակելու է արտաքին նոր պարտքեր վերցնել, ընդ որում, ինչպես մեկնաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սա արվում է տնտեսական զարգացման, նաեւ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով: «Եթե եկամուտները չեն հերիքում ծախսեր կատարելու համար, բնականաբար, պետք է պարտք վերցնել: Առանց դրա հնարավոր չէ… Մենք շարունակելու ենք պարտք վերցնել: Մանավանդ արտաքին պարտք վերցնելիս պետք է շեշտադրումը կատարել կապիտալ ծախսերի վրա, պետք է ջանքեր գործադրել, որ ընթացիկ ծախսերն էլ որոշակի վերաիմաստավորվեն, գնա տնտեսության արտադրողականության բարձրացմանը… Պետք է որոշակի պարտք վերցնել, որ տնտեսական աճ լինի»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարի հայտարարություններն ուշագրավ են մեկ այլ համատեքստում: Նա ըստ էության այսպես գնահատել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ըստ այդմ, ներքին ռեսուրսները չեն բավարարում ո՛չ բյուջեով նախատեսված ծախսերը հոգալու (քանի որ եկամուտները քիչ են), ո՛չ տնտեսական աճ ապահովելու համար, ուստի իշխանություններն այդ նպատակով ստիպված են պարտքեր անել: Ցավալին այն է, սակայն, որ այս վիճակը նոր չի ստեղծվել, այլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին սա դարձել է գործելաոճ. երկրի տնտեսությունը գոյատեւում է հիմնականում հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման, օտարերկրյա դրամական փոխանցումների եւ արտաքին պարտքի շնորհիվ: Ու քանի որ ՌԴ տնտեսության վիճակի վատթարացման հետեւանքով նվազել են դրամական փոխանցումները, միաժամանակ միջազգային շուկայում սեւ մետաղի եւ հանքանյութերի գների անկման հետեւանքով պակասել եկամուտները, իշխանությունները ստիպված են եղել զարկ տալ պետական պարտքին:

Արդյունքում, ստացվել է այնպես, որ եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում պետական պարտքը 1 մլրդ 906 մլն դոլար էր, ապա 2016թ. տարեվերջին այն դարձավ 5 մլրդ 942.1 մլն դոլար, իսկ հիմա՝ հունիսի 1-ի դրությամբ՝ 6 մլրդ 95 մլն դոլար: Այսինքն՝ ինը տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 3 անգամ:
Մեկ ուշագրավ փաստ էլ. չնայած նախարարը հայտարարել է, թե արտաքին պարտք վերցնելիս պետք է ջանքեր գործադրել, որ գումարները գնան տնտեսության արտադրողականության բարձրացմանը, Հայաստանում միանգամայն այլ վիճակ է եղել. արտաքին վարկային միջոցների մի մասը պարզապես գրպանվել է: Չե՞ք հավատում, ընթերցե՛ք ՀՀ վերահսկիչ պալատի նախորդ տարիների հաշվետվությունները, օրինակները բազմաթիվ են:




Լրահոս