ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՄԱԿՐՈՆԸ ԳՐԱՎԵԼ ԹՐԱՄՓԻ «ՍՈՒՐԲ» ՏԵՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթվա վերջին հանդես եկավ հերթական աղմկահարույց հայտարարությամբ, որով իր երկիրը դուրս էր բերում գլոբալ ջերմացման դեմ պայքարի Փարիզի համաձայնագրից: Իր քայլը բացատրելով ամերիկյան շահերով` ԱՄՆ նախագահը բավականին տխուր փաստի առաջ է կանգնեցրել համաշխարհային գործընկերներին, որոնց արձագանքը, իհարկե, չի ուշացել, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի:

Նախընտրական քարոզչության շրջափուլում Թրամփը բազմիցս քննադատել է Օբամայի վարչակազմին` գլոբալ ջերմացման դեմ պայքարում չափից ավելի ակտիվ լինելու համար: Ըստ Թրամփի` ջերմացման դեմ պայքարում ԱՄՆ-ն ինքն իրեն զրկում էր բազմաթիվ ճոխություններից, որից օգտվում էին մրցակիցները: Նրա կարծիքով` այդ պայքարը կաշկանդում էր ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունները: Ի դեպ, Թրամփը նախընտրական շրջանում քանիցս հայտարարել էր, որ գլոբալ ջերմացումը միֆ էր, այնուհետեւ պնդել էր, որ հավատում է դրա իսկությանը եւ այլն: Հաշվի առնելով Թրամփի բնավորությունը` զարմանալի չէ, որ նա քանիցս փոփոխել է իր կարծիքը մի հարցի վերաբերյալ:
Համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ մասնագետներ մեկ անգամ չէ, որ ապացուցել են գլոբալ ջերմացման փաստն ու վտանգավոր միտումները: Այսօր էլ բազմաթիվ փաստեր են հրապարակվում, թե ինչպես են հալչում բեւեռային սառույցները` մոլորակն առաջիկայում աղետների առաջ կանգնեցնելու սպառնալիքով: Այդօրինակ խորհրդածությունների ու քննարկումների արդյունքում էլ 2015թ. Փարիզում կնքվեց մի աննախադեպ համաձայնագիր, որով հստակ օրակարգ սահմանվեց համաշխարհային ջերմացման դեմ պայքարի հարցում: Պայմանագիրն ուներ հստակ առանձնահատկություն, քանզի դրա կնքմանը համաձայնել էին աշխարհի առաջատար բոլոր պետությունները, որոնց ցանկության դեպքում միայն այն ուժի մեջ կմտներ ու գործնական ընթացք կստանար: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ին ու Չինաստանին, որոնք միշտ չէ, որ համագործակցում են միմյանց հետ, բայց կլիմայի փոփոխության հարցում ի վիճակի էին եղել մոտեցնել դիրքորոշումները եւ կոնկրետ լուծման հանգել: Այս հարցում առանձնապես մեծ տարակույսներ ուներ Չինաստանը, որը մեծագույնս նպաստում է մոլորակի էկոլոգիական աղետին` վնասակար նյութերի իր արտանետումներով: Չինաստանը օգտագործում է էներգիայի ստացման ամենաէժան աղբյուրները, մասնավորապես ածուխը, ինչը օգտակար է նրա տնտեսության արագ աճի համար, բայց միեւնույն ժամանակ խիստ բացասական հետեւանքներ է ունենում մոլորակի էկոդաշտի վրա: Եվ ահա Օբամայի վարչակազմը կարողացել էր փոխզիջումային տարբերակներով Չինաստանին բերել կառուցողական դաշտ եւ հասնել Փարիզի համաձայնագրի կնքմանը: Այսօր, սակայն, երբ համաձայնագրից հեռանում է Թրամփը, Չինաստանի համար հրաշալի առիթ է հանդես գալ բնության ու շրջակա միջավայրի պաշտպանության հարցում իբրեւ ավելի կառուցողական ու կոմպրոմիսային պետություն:
Համաձայնագիրը լքելու ԱՄՆ նախագահի քայլը առանձնապես լուրջ քննադատության է արժանացել Եվրոպայում: Եվրոպական տերությունները, մասնավորապես` Ֆրանսիան ու Գերմանիան, հաջողությամբ գործակցում էին Օբամայի վարչակազմի հետ եւ միասնական ջանքերով առաջ մղում գլոբալ ջերմացման դեմ պայքարի քաղաքականությունը: Այդ համատեքստում Չինաստանի ու մերձավոր պետությունների համար բավականին դժվար էր հակառակվել միացյալ Արեւմուտքին: Մինչդեռ այժմ արեւմուտքը իսկապես տրոհված է, ինչի վկայությունն է Թրամփի հայտարարությանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հապճեպ արձագանքը: Աննախադեպության կարգով Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ անգլերեն ելույթով` շեշտելով, որ Ֆրանսիան հավատարիմ է գտնվելու իր ստորագրությանն ու գործնականում առաջ է մղելու մոլորակի ջերմացման դեմ քաղաքականությունը: Առանց ԱՄՆ-ի կամ նրա նախագահի անվան հիշատակման` Մակրոնը հասկացրել է, որ իր ելույթը Թրամփի հայտարարության պատասխանն է: Ակնարկելով Թրամփի` «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» նախընտրական կարգախոսը` Մակրոնը խոստացել է «կրկին հզորացնել մոլորակը»` առանձին պետությունների շահերը ստորադասելով համամոլորակային խնդիրների լուծմանը: Ի դեպ, հարցին անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հրաժարվել է քննադատել Թրամփին` նկատելով, որ համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու միայն 2021թ. եւ մինչ այդ գուցե հնարավոր լինի ինչ-ինչ տեղաշարժեր արձանագրել: Պուտինը լավ հոգեբան է եւ որսացել է պահը` հրաժարվելով որեւէ բացասական խոսք ասել Թրամփի հասցեին, որը ցանկացած քննադատություն թշնամաբար է ընդունում: Այդուհանդերձ, ՌԴ նախագահը ընդգծել է, որ Փարիզի համաձայնագիրը կնքելու համար մեծ ջանքեր են գործադրված եղել եւ լուրջ փոխզիջումներ կատարվել:
Ֆրանսիայի նախագահի անգլերենով ելույթն ու անուղղակի ակնարկները Թրամփի ուղղությամբ թույլ են տալիս վերլուծաբաններին պնդել, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ տարաձայնությունները արդեն իսկ սպրդել են փակ դռների ետեւից: ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջնորդները կարծես թե անկարող են միմյանց հետ համաձայնությունների հանգել, ինչից շահելու են Ռուսաստանն ու Չինաստանը: Այս տեսանկյունից թե՛ Պուտինի արձագանքն է տեղին, թե՛ Չինաստանի ինքնավստահությունը: Ետպատերազմյան շրջանում ԱՄՆ-ի ու Եվրոպայի դաշնակցությունը խիստ նեղացնում էր ԽՍՀՄ-ի հնարավորությունները: Իրավիճակը դժոխային կերպով կրկնվեց ՌԴ-ի համար Ուկրաինայում ինքնագործունեությամբ զբաղվելու շրջանում, մինչդեռ այսօր արդեն ՌԴ-ն ու Չինաստանը կարող են հանգիստ շունչ քաշել: ԵՄ-ում առկա ներքին խնդիրներն ու Թրամփի քաղաքականությունը պարզապես ջլատել են ամերիկա-եվրոպական միասնությունը, որ ցցուն դարձավ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում: Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նահանջում է համաշխարհային առաջատարությունից, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը փորձում է դատարկ չթողնել «սուրբ» տեղը: Հարց է, սակայն, արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է իր հսկայական ռեսուրսներով պարփակվել միայն իր ներսում, իսկ Ֆրանսիան էլ՝ համեմատաբար սակավ հնարավորություններով ստանձնել առնվազն եվրոպական հեգեմոնի դերը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍԵՑՆԵԼ ՉՏՎԵՑԻՆ

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները թանկացել են: Վերջին շրջանի գնաճը մասնագետները կապում են ապրիլի 2-ի խորհրդարանական եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրությունների հետ:

Քանի որ քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցության հովանավորները` օլիգարխները, մեծաքանակ ծախսեր են արել, բնականաբար, այդ կորուստները պետք է գնաճի տեսքով հետ վերադարձնեն: Արդյունքում հետընտրական շրջանում տեղական շուկայում նկատելի են բազմաթիվ ապրանքատեսակների թանկացումներ, այդ թվում առաջին անհրաժեշտության:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ առաջին հինգ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 4 տոկոս գնաճ: Հիմնական գնաճը արձանագրվել է սննդամթերքի ու ալկոհոլային խմիչքի շուկայում, որն էլ կազմել է 4.1 տոկոս: Մինչ գործող կառավարությունը նախատեսում է ծխախոտի գները երեք անգամ թանկացնել, այս ընթացքում ԱՎԾ-ն ծխախոտի շուկայում արձանագրել է 2.2 տոկոսի թանկացում: Փոխարենը էժանացել է հագուստն ու կոշիկը` 2.7 տոկոսով: Իսկ ահա բանջարեղենի շուկայում այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 30.4 տոկոս գնաճ: Կաթնամթերքի շուկայում է թանկացումներ արձանագրվել: Մասնավորապես կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.7 տոկոս: Թանկացել են նաեւ միրգը, մսամթերքը: Ձկնամթերքի շուկայում եւս արձանագրվել են թանկացումներ, որտեղ գնաճը կազմել է 23.6 տոկոսի չափով: Շաքարավազի շուկայում արձանագրված թանկացումը կազմել է 0.1 տոկոս:
Իսկ գնաճը զսպող ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնի չէ, թե այս ընթացքում ինչով է զբաղված:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԹԵԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
2017թ. աշնանը Տավուշի մարզի Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում համայնքների խոշորացում է լինելու: Բերդի տարածաշրջանի 19 համայնքների փոխարեն ստեղծվելու է խոշոր Բերդ համայնքը, Իջեւանի տարածաշրջանի 17 համայնքների փոխարեն՝ խոշոր Իջեւան համայնքը:
Նոյեմբերին կայանալու են խոշորացված Իջեւան եւ Բերդ համայնքների ղեկավարների եւ ավագանու ընտրություններ: Խոսվում է, որ այդ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին, սակայն ընտրությունների օրը դեռ որոշված չէ: Առանձնապես հետաքրքրություն են ներկայացնում խոշորացված Իջեւանի համայնքի ղեկավարի ընտրությունները: Ոչ միայն Իջեւանի տարածաշրջանի գյուղերի, այլ նաեւ Իջեւան քաղաքի շատ բնակիչներ դեմ են այդ խոշորացմանը, սակայն բնակիչների կարծիքը հաշվի չեն առնում: Իջեւան քաղաքում եւ այդ տարածաշրջանի գյուղերում շրջանառվում են խոշորացվող համայնքի ղեկավարի մի քանի թեկնածուների անուններ:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով Իջեւանը ղեկավարում է 2011թ., իր թեկնածությունն առաջադրելու է խոշորացվող համայնքի ղեկավարի ընտրություններում: Իջեւանում շրջանառվում է նաեւ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի անունը: Վերջինս քաղաքապետի ընտրություններում պարտվելուց հետո ղեկավարում էր կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումը մինչ այդ ստորաբաժանման լուծարումը: Շրջանառվում են նաեւ Հայաստանի փրկարար ծառայության, Տավուշի մարզային փրկարար վարչության պետ Արթուր Հովակիմյանի եւ Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության նախկին փոխնախարար, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի անունները: Հավանական է, որ Իջեւանի տարածաշրջանի խոշոր գյուղերի գյուղապետերը եւս իրենց թեկնածությունը կարող են առաջադրել խոշոր Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում:

 

 

ՀԱՑ ՔԻՉ Է ՍՊԱՌՎՈՒՄ
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում այժմ հաց քիչ է սպառվում: Հաճախ է լինում, երբ խանութներ մատակարարված հացը չի վաճառվում եւ ետ է վերադարձվում հաց արտադրողին: Պատճառն այն է, որ արտագաղթի պատճառով ավելի քիչ է օգտագործվում հանապազօրյա սնունդը: Բնակչության գնողունակության անկման պատճառով մարդիկ գերադասում են հացն ավելի խնայողաբար օգտագործել, շատ ընտանիքներ իրենց տներում, վառարաններում հաց են թխում: Իջեւանի քաղաքապետարանի առեւտրի, սպասարկումների, տրանսպորտի եւ կապի բաժնի վարիչ Արարատ Պարոնյանն ասաց, որ Իջեւանում կան 12 հաց արտադրողներ, Իջեւան հաց են մատակարարում նաեւ Գետահովտի, Սեւքարի եւ Այգեհովտի հաց արտադրողները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս