«ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԽՈՇՈՐԱՑԻ, ՏՐԱԿՏՈՐ ԿՏԱՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում համայնքների խոշորացման վերաբերյալ ծրագրի շուրջ դժգոհությունները օր օրի ավելանում են: Համայնքների խոշորացմանը դեմ գյուղացիները ի նշան բողոքի ճանապարհներ են փակում:

Օրեր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներն էին բողոքում համայնքների խոշորացման դեմ: Նրանք այս առիթով նույնիսկ բողոքի ակցիա անցկացրին: Սոթքի բնակիչները դեմ են, որ իրենց գյուղը միանա Մեծ Մասրիկին: Քանի որ դրա արդյունքում Մեծ Մասրիկը դառնալու է խոշորացված համայնքների կենտրոնը: Նրանք պահանջում են, որ իրենց գյուղը լինի խոշորացված համայնքի կենտրոնը: Սակայն իրականում սոթքեցիները դեմ են Մեծ Մասրիկ գյուղին միանալուն, քանի որ խոշորացվելուց հետո համակարգը կառավարվելու է հենց Մեծ Մասրիկի գյուղապետի կողմից: Հետեւաբար գյուղերին հատկացվելիք ֆինանսական միջոցները նույնպես տնօրինվելու է Մեծ Մասրիկի գյուղապետի կողմից:
Այս թեմայի շուրջ դժգոհության ալիք սկսվել է նաեւ Շիրակի մարզում: Ըստ ծրագրի` նախատեսվում է իրար միացնել թվով 8 գյուղ, որոնք են` Ախուրյանը, Այգաբացը, Արեւիկը, Բասենը, Կամոն, Կառնուտը, Հովիտը, Ջրառատը: Իսկ այս դեպքում համայնքային կենտրոնը լինելու է Ախուրյանը: Սակայն Ջրառատ, Բասեն գյուղերի բնակիչները դեմ են խոշորացմանը եւ պահանջում են իրենց հանել խոշորացվող գյուղերի ցանկից:
Ջրառատի գյուղապետ Ահարոն Ոսկանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահ տոնով հայտարարեց, որ համայնքների խոշորացման արդյունքում գյուղից շատերը ստիպված են լինելու գնալ, հեռանալ: Պարզվում է, որ Ա. Ոսկանյանը դեռեւս 1953 թվականին անցել է խոշորացման ճանապարհով: «Մեր հարեւանությամբ Խանվալի գյուղ կար, այդ տարիներին խոշորացվեց եւ միացավ մեր գյուղին, արդեն 56 թվականին` միանալուց երեք տարի անց, գյուղից ոչինչ չմնաց: Միայն 8 գյուղի բյուջեն կառավարվելու է համայնքային կենտրոնի կողմից. այս դեպքում Ախուրյանի կողմից: Մեր գյուղը մարզի ծայրամասում է գտնվում, ո՞ւմ ճամփեն փակենք, որ մեզ էլ լսեն, ճամփա չկա էլ, որ փակենք: Հետո կհիշեք իմ խոսքերը` խոշորացման ճանապարհով գյուղերը քայքայվելու են»,- նկատեց Ջրառատի գյուղապետ Ա. Ոսկանյանը:
Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանը նույնպես դեմ է համայնքների խոշորացմանը: Նրա հետ միասին դրան դեմ է նաեւ Բասենի ողջ բնակչությունը: Բասենցի գյուղապետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գյուղերի խոշորացմանը իր դեմ լինելը հետեւյալ կերպ հիմնավորեց. «Խոշորացման արդյունքում համայնքային սեփականության իրավունքը փոխանցվում է համայնքային կենտրոններին: Ես առաջին հերթին դեմ եմ դրան: Թող գյուղերի կառավարումը խոշորացնեն, ոչ թե համայնքի եղած սեփական գույքը` արոտավայրերը, շենք-շինությունները եւ այլն, տան Ախուրյան համայնքին: Օրինակ՝ հիմա մենք դեմ ենք մեր գյուղում ավազի հանքի շահագործմանը: Գյուղն ունի մոտ 2000 բնակիչ, եւ կարող ենք այսքանով դեմ արտահայտվել դրան: Բայց խոշորացվելուց հետո մյուս գյուղերի 15 հազար բնակիչները կողմ կլինեն ու կասեն՝ դե, համայնքի բյուջեն կլցվի ավազի հանք շահագործելուց, հեչ թե բասենցիները չեն ծածկվի»:
Համայնքային սեփականության իրավունքի կենտրոն համայնքին փոխանցվելուն դեմ է նաեւ Ջրառատի գյուղապետ Ահարոն Ոսկանյանը: Քանի որ Ջրառատի գյուղապետարանը վերջին տարիների ընթացքում գյուղի համար թվով 10 հատ գյուղտեխնիկա է ձեռք բերել, իսկ խոշորացվելուց հետո դրանք տնօրինվելու են համայնքային կենտրոնի` Ախուրյանի կողմից:
«Հիմա իշխանությունները գյուղապետերին խաբում են` ասելով, թե խոշորացվի տրակտորներով կապահովենք: Տրակտորով են մեզ խաբում: Ջրառատը ծայրամասային գյուղ է, ինչ խնդիրներ ասես ունենք ու մենք պետք է նստենք, անհամբեր սպասենք, թե երբ է Ախուրյանը մեզ օգնության հասնելու: Սա հերիք չէ՞, որ գյուղացին գնա գյուղից»,- վրդովված նկատեց Ջրառատի գյուղապետ Ա. Ոսկանյանը:
Իսկ Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանը վստահ չէ, որ խոշորացնելուց հետո գյուղերը համաչափ կզարգանան. «Խոշորացված տարածք կամ փուլ չկա, որ տանեն, ցույց տան ինձ ու որպես օրինակ մտցնեն աչքս: Մեր հայկական տարբերակը ես լավ գիտեմ, որ չի աշխատի: Իշխանությունները եվրոպական տարբերակն են միշտ օրինակ բերում, բայց դա անհնարին է: Մեր գյուղացիներից մեկի մոտ մի շատ հզոր միտք հղացավ. ընտանիքներում եթե տղաները թվով շատ են լինում, ապա ծնողները նրանց բաժանում են, որ իրենք իրենց ընտանիքները շուտ կայացնեն, տուն կառուցեն, զարգանան: Բայց արի ու տես, որ այս գյուղերի դեպքում հակառակն է. 8 ընտանիք վերցնում են, միացնեն իրար, որ ստեղծեն մեկ ընտանիք: Նման բան կարո՞ղ է լինել: Սա կարո՞ղ է զարգացում բերել: Տրակտոր են խոստանում, բայց տրակտորով երկիր չեն զարգացնում»:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Ջրառատի գյուղապետ Ահարոն Ոսկանյանը իր համագյուղացիների անունից դիմում-նամակ է գրել, որն էլ այսօր ուղարկելու է ՀՀ վարչապետին եւ Սերժ Սարգսյանին: Իսկ Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանը նախատեսում է խոշորացման ենթակա ութ համայնքի ղեկավարների հետ միասին հանդիպում կազմակերպել եւ քննարկել խնդիրը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱԶՆԱՎՈՒՐԻ ԵՎ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Երեկ հրապարակախոս, տնտեսագետ Սուրեն Սարգսյանը հայտնեց, որ Մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման համար առաջարկվում է ստեղծել «Երեւանի մետրոպոլիտեն» անվամբ հիմնադրամ: Նա առաջարկեց նաեւ Աջափնյակի երկու կայարանները անվանել Շառլ Ազնավուրի եւ Քըրք Քըրքորյանի անուններով: «Շատ է խոսվում, որ գումար չկա մետրոպոլիտենի կառուցման համար, կարծես թե անելանելի վիճակ է, դրա համար առաջարկում եմ հիմնադրամ ստեղծել: Սկզբում կարծում եմ, որ պետությունը պետք է մասնակցություն ունենա ֆինանսավորման գործում, իսկ հետո ես վստահ եմ, որ թե՛ հանրապետությունում, թե՛ արտերկրում կհայտնվեն մարդիկ, ովքեր գումարներ կփոխանցեն: Իսկ Ազնավուրի եւ Քըրքորյանի անունները, վստահ եմ, որ եւս կօգնեն գումարներ հավաքել»,- ասաց Սարգսյանը:




Լրահոս