40 ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ: Այդ քրեական գործով անցնում է քրեական գործեր քննող շուրջ 40 դատավոր, որոնց մի մասին արդեն հարցաքննել են:

Տեւական ժամանակ է, ինչ դատական համակարգի արշալույսները այնքան էլ խաղաղ չեն. դատական համակարգը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
Այս տարվա ընթացքում երեք դատավոր է կալանավորվել, մասնավորապես մայիսի 11-ին Արարատի եւ Վայոց ձոր մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի նստավայրում ձերբակալվեց դատավոր Լեւոն Արազյանը, հունիսի 6-ին ձերբակալվեցին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, դատավորները մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ:
Ու մինչ այս գործերով քննությունները շարունակվում են, դատական համակարգում աղմկահարույց դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահ մարմինները մի նոր քրեական գործ են հարուցել դատական համակարգում առկա խնդիներից մեկի մասով, եւ շուրջ 40 քրեական գործ քննող դատավորներ հրավիրվում են հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, թե մասնավորապես ինչ են բացահայտել իրավապահները, որ քննություն են սկսել եւ հարցաքննության են հրավիրում քրեական գործեր քննող դատավորներին:
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործեր քննող դատավորները քրեական որեւէ գործով վճիռ են կայացրել եւ, օրինակ, մեղադրյալին ազատազրկման են դատապարտել 3 տարի ժամկետով: Ըստ էության կայացրած վճիռից հետո դատավորը կամ նրա օգնականը պետք է համապատասխան մարմիններին ուղարկեին գրությունը, որ այս կամ այն գործով մեղադրյալը, որը գտնվում է ազատության մեջ, դատարանի որոշմամբ ազատազրկման է դատապարտվել 3 տարի ժամկետով, ուստի անհրաժեշտ է տվյալ անձին կալանավորել եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:
Սակայն դատավորները վճիռը կայացրել են, բայց կայացրած վճիռի հետագա կատարման հարցը թողել են օդից կախված: Ասել է, թե դատավորը կամ նրա օգնականը պետք է համապատասխան գրությունը կամ ցուցումը ուղարկեին իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ այս կամ այն քաղաքացին պետք է գտնվի կալանքի տակ, քանի որ կա դատարանի որոշումը, սակայն դա չեն իրականացրել: Ուստի ստեղծվել է մի իրավիճակ, որ քրեական գործերի կատարման հետագա ընթացքը մնացել է օդից կախված:
Եվ ահա այստեղ էլ «թաղված է շան գլուխը»: Այս հանգամանքը հայտնի է դարձել իրավապահ համակարգին, եւ մի քանի նմանօրինակ քրեական գործեր ձեռքի տակ ունենալով՝ համակարգում հարուցել են քրեական գործ ու դատական համակարգում քրեական գործեր քննող շուրջ 40 դատավորների կանչում են հարցաքննության:
Իսկ ինչ են ուզում պարզել ՀՔԾ քննիչները: Մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս փորձում են պարզել, թե դատավորները անփութությո՞ւն են ցուցաբերել՝ իրենց կայացրած վճիռների կատարումները չիրականացնելով, թե՞ այլ շահագրգռվածություն են ունեցել, որ չեն իրականացրել:
Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, թե, օրինակ, մոտ օրերս դատավորներ են հրավիրվել հարցաքննության հատուկ քննչական ծառայություն: Մասնավորապես մեզ հասած տեղեկություններով՝ հարցաքննված դատավորներից են եղել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը եւ շատ այլ դատավորներ:
«Ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու նպատակով դիմեց հատուկ քննչական ծառայություն, որտեղից ո՛չ հերքեցին եւ ո՛չ էլ հաստատեցին, որ իրենց վարույթում նման քրեական գործ է քննվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ինչպես հայտնի է՝ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի փոփոխություն է եղել: Նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի պայմանագրի 5 տարին լրացել է, այժմ նոր մրցույթ պետք է հայտարարվի: Եվ ահա մինչ նոր մրցույթի հայտարարելը, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը: Նա փոխնախարար է 2010-ից, մինչ այդ ԿԳՆ-ում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում, մասնագիտությամբ ֆիզիկոս է, կրթության նախկին նախարար Վիլիկ Հարությունյանի դուստրը: Փոխնախարարի ամուսինն էլ Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ զրուցեց ռեկտորի փոփոխության եւ, առհասարակ, կրթական համակարգում առկա խնդիրների մասին:
-Պարո՛ն Մկրտչյան, արդյո՞ք Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի փոփոխությունը պայմանավորված է 2016 թվականին նախարարության կողմից իրականացված աուդիտի հետ, որի ընթացքում չարաշահումներ էին հայտնաբերվել, եւ քրեական գործ էր հարուցվել:
-Ինչպես գիտեք՝ քրեական գործը հարուցված է, դեռեւս ընթացքի մեջ է: Գործող ռեկտորը ակադեմիական շատ մեծ փորձ ունեցող մեր լավագույն մասնագետներից է, բուհը իսկապես ունի կառավարման հիմնախնդիր եւ տարիներ շարունակ կուտակված պրոբլեմներ, դրա համար, իմ կարծիքով, լուծումն այն է, որ փորձենք լավ մենեջեր ներդնենք:
-Այսինքն՝ ըստ էության հայտնաբերված չարաշահումները եւս պատճառն են ռեկտորի փոփոխության:
-Ըստ էության այսօր ակադեմիական գիտական հատվածով Բրյուսովը մեր լավագույն բուհերից մեկն է, ուժեղ հենք ունի եւ դասախոսական կազմ, բայց ինքը ֆինանսական եւ կառավարման մասով պրոբլեմներ ունի:
-Բուհերի շուրջ աղմկահարույց դեպքերը շարունակվում են, մենք արձանագրում ենք, որ իրավապահները բացահայտում են դիպլոմների վաճառքի դեպքեր, որոնց շնորհիվ մարդիկ պաշտոն են ստանում, կոչումների արժանանում: Ի՞նչ եք անում՝ այս ուղղությամբ իրավիճակը շտկելու համար:
-Այո՛, քրեական գործեր են հարուցվում, մենք միակ ձեւը, որի մասին արդեն մտածում ենք՝ էլեկտրոնային վիճակով դիպլոմների ռեեստրը, որի ժամանակ կեղծելը գոնե կբացառենք: Այդ ամենից հետո կսկսենք արդեն մտածել գիտելիքով վկայական տալու մասին: Կեղծ դիպլոմների ծավալը մեծ է, եւ ռեեստրի ձեւավորումը կօգնի իրավիճակին:
Հ.Գ Մինչ այդ, երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը: ArmLur.am-ի հետ զրույցում կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը ասել էր. «Այն արարքը, որի մեջ նա կասկածվում է, իր պաշտոնական անձնագրի հետ ոչ մի կապ չունի: Մարդ է, կարող է գնացել, գողություն է արել կամ այլ հանցագործություն է կատարել, որը դեռ ապացուցելի է: Ոչ ոք չգիտի՝ ինչ է եղել: Ես տեղյակ եմ, որ ինքը կասկածվում է ինչ-որ կեղծ փաստաթղթի ձեւակերպման մեջ»: Նշենք, որ ավելի ուշ Սամսոն Սահակյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ
Երեկ վերաքննիչ դատարանում սկսվեց հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք` նա կալանավորվել է շուրջ մեկուկես տարի, առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Նրա շահերի պաշտպանը երկու բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Առաջին բողոքով Սաֆարյանն ու իր փաստաբանը պահանջում են, որ քրեական գործ հարուցվի ոստիկան Գեղամ Խաչատրյանի դեմ, ում ցուցմունքի հիման վրա է ազատազրկման դատապարտվել Սաֆարյանը: Նրանք պնդում են, որ 2016 թվականի Ամանորի գիշերը հենց Գեղամ Խաչատրյանն ու իր ենթականերն են հարվածներ հասցրել խաղաղ ցուցարարներին: Երկրորդ հայցով բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

 

 

ԱՎԱՐՏԵԼ ԵՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երեւանի բնակիչ Սարգիս Սահակյանը խոչընդոտել է «1in.am» էլեկտրոնային լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանի մասնագիտական գործունեությունը` բռնություն գործադրելով նրա նկատմամբ եւ վնասելով տեխնիկան՝ հիշյալ կայքին պատճառելով 1.072.000 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս: Ս. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

 

 

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաստատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում հարցերին պատասխանող անձը Հայաստանի քաղաքացի է։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե ադրբեջանական զինուժի ձեռքում հայ զինվորական է հայտնվել։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ տեսանյութը ծիծաղելի է: «Դա լրիվ ապատեղեկատվություն է, էժան թատրոնի տեսքով: Եթե ուշադիր նայեք տեսանյութը, կտեսնեք համազգեստից սկսած, տեսքից սկսած մինչեւ խոսելը։ Սա մեզ ծանոթ ձեռագիր է», -նշեց Հովհաննիսյանը։ Քաղաքապետի խոսքով՝ նա գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Զավեն Կարապետյանին հանդիպելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում;

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեին, ով Արցախ է այցելել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Արցախի եւ Բելգիայի միջեւ առկա շփումների եւ տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ Արցախում ժողովրդավարական զարգացումներին։




Լրահոս