Հարց քաղաքացիներից` այս տարի ո՞ր օրն է նշվելու Վարդավառի տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Հայտնի է, որ Վարդավառի տոնը շարժական է, ու ամեն տարի այն անցկացնում ենք տարբեր օրերի: Հետաքրքիր է իմանալ` այս տարի ո՞ր օրն ենք նշելու Վարդավառը: Եվ խնդրում եմ մի փոքր ներկացանել նրա խորհուրդը:

Նարինե Հայրապետյան (22 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․Տեղեկացնում ենք, որ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երեւման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է:

Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի: Ս. Գրիգոր Տաթեւացին տոնի Վարդավառ անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով` երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչեւ այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունն ու պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է ս. Պատարագ եւ կատարվում հոգեհանգիստ:

Այս տարի Վարդավառի տոնը նշվում է հուլիսի 23-ին:

Արարատյան Հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Հավելենք, որ հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում եւ միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաեւ մեր օրերում:




Լրահոս