ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե դատախազներն ու քննիչերն այսուհետ պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների համար մեղավոր են նաեւ նրանք: «Եթե կորոշվի, որ նրանց խախտումների արդյունքում է դա կայացվել, կամ խախտումներ էին, որոնք դատախազը ժամանակին կարող էր կանխել, դա կառաջացնի համապատասխան իրավական հետեւանքներ»,- ասել է Դավթյանը` նշելով, որ երբ ՄԻԵԴ-ը կայացնի համապատասխան որոշումներ ու ֆիքսի ՀՀ-ում անձի իրավունքների խախտում, պետք է յուրաքանչյուր դեպքով ծառայողական քննություն իրականացնել եւ փաստերն ուսումնասիրել:
Այս նախաձեռնությունը կարելի է համարել վաղուց սպասված. առավել եւս, երբ իրավապահների կամայականությունների պատճառով առաջին հերթին տուժում է Հայաստանի Հանրապետությունը, որի՝ առանց այն էլ աղքատիկ բյուջեից ՄԻԵԴ որոշմամբ տարեկան մի քանի տասնյակ հազար եվրո տուգանք է վճարվում ապօրինությունների զոհ դարձած քաղաքացիներին: Մյուս կողմից, սակայն, այս նախաձեռնությունն ամբողջական չէ. չպետք է սահմանափակվել միայն դատախազներին ու քննիչներին պատասխանատվության ենթարկելով, այլ այդ ցանկում իրենց «արժանի տեղը» պետք է զբաղեցնեն նաեւ առաջին ատյանի, վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների այն դատավորները, որոնք իրենց մեղքի բաժինն ունեն տվյալ գործերով ապօրինի որոշումներ կայացնելիս:
Իսկ եթե ավելի անկեղծ, ապա այս ամենին վերջ դնելու մեկ այլ ճանապարհ կա. պարզապես չպետք է միջամտել իրավապահ համակարգի աշխատանքներին, չպետք է պարտադրել ապօրինի որոշումներ, չպետք է նրանց դարձնել քաղաքական հալածանքների գործիք` ծառայեցնելով օրվա իշխանության շահերին: Ընդհակառակը, իրավապահ համակարգին պետք է թողնել, որպեսզի նրանք գործեն օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում: Այդ դեպքում, համաձայնեք, միանգամայն այլ պատկեր կստեղծվի:
Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ էլ. կառավարության ծրագրում անդրադարձ կա նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումներին, ու որպես ուղի, օրենսդրական փոփոխություններից բացի, նաեւ նշված է. «Անհրաժեշտ է կատարելագործել դատարանների եւ դատավորների ներքին անկախության ապահովման մեխանիզմները»: Այս դեպքում էլ պետք է կրկնենք` դատարանների ու դատավորների անկախության ապահովումը ոչ թե նման դեկլարատիվ հայտարարություններով է լինելու, այլ պարզապես իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն, որպեսզի չմիջամտեն դատական համակարգի գործունեությանը: