Ինչու աշխատանքից ազատվեց երիտասարդ փոխնախարարը, և ինչ կապ ունի Արտեմ Ասատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ  փետրվարի 6-ին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար նշանակված Աշոտ Մարգարյանն ազատվել է աշխատանքից:

Ինչպես հայտնի է՝ Աշոտ Մարգարյանը մինչև փոխնախարար նշանակվելը վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն էր, դրանից առաջ՝ ԼՂՀ վարչապետինը:  Աշոտ Մարգարյանը կառավարությունում որպես սոցիալական ոլորտի համակարգմամբ զբաղվող վարչապետի օգնական էր ներկայացվում: Սակայն կարճ ժամանակ անց նա նշանակվեց փոխնախարար:

Իսկ ինչու ազատվեց երիտասարդ փոխնախարարը

Արդեն տևական ժամանակ է` լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ սրվել են նախարար Արտեմ Ասատրյանի և վարչապետի նախկին օգնական, ներկայիս սոցապփոխնախարար Աշոտ Մարգարյանի հարաբերությունները: Ըստ նույն լուրերի` Մարգարյանի ռեֆորմիստական ծրագրերին ամեն կերպ խոչընդոտում է Արտեմ Ասատրյանը, իսկ վերանշանակվելուց հետո ամբողջ ուժով լծվել է երիտասարդ փոխնախարարին մեկուսացնելու գործին: Նախարարն ամեն կերպ ջանում է ստվերում պահել փոխնախարարին և նրա գործունեությունը:

ArmLur.am-ին, մասնավորապես, հայտնի դարձավ, որ թիվ մեկ տուն-ինտերնատում տեղ գտած ապօրինություններն ու խայտառակ իրավիճակը բացահայտող տեսանյութերից հետո «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին հաջողվել էր ներկա գտնվել տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթին, որի մասին նախօրոք տեղեկացրել էին նախարարին և ստացել նրա բանավոր թույլտվությունը: Սակայն, տեղեկանալով դաշինքի ներկայացուցիչների` նախարարությունում անցկացվող մրցույթին ներկա գտնվելու մասին (որի գլխավոր հավակնորդը նախարարի մտերիմ ընկեր Վահան Զուրաբյանն էր), նախարարը մեղադրել է փոխնախարար Մարգարյանին` ԱԺ պատգամավորի մասնակցությունը թույլատրելու համար:

Մեր աղբյուրներից պարզ դարձավ նաև, որ փոխնախարարը թույլատրել է մրցույթին «Ելք»-ի ներկայացուցիչների մասնակցությունը` պնդելով, որ գործընթացը պետք է լինի ամբողջովին թափանցիկ` հիմք ընդունելով նաև նախարարի հետ նրանց պայմանավորվածությունը: Ըստ երևույթին նախարարին դուր չի եկել փոխնախարարի նախաձեռնողականությունն ու նախարարության խնդիրները լուծողի կարգավիճակում հայտնվելը:

Հիշեցնենք, որ մինչ Ասատրյանի վերանշանակվելը, Մարգարյանը հանդիսանում էր նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդը: Սակայն վարչապետին այդպես էլ չհաջողվեց ստանալ նախագահի հավանությունը Ասատրյանին պաշտոնանկ անելու և նոր նախարար նշանակելու հարցում:




Լրահոս