Վագոն-տնակի խնդիրներից ազատվել է ևս մեկ ընտանիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում, եռամսյա բուռն շինարարական աշխատանքներից հետո, բնակարանամուտ են տոնել: Կարապետյանների ուրախությունը կիսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը:

Քսաներեք տարի վագոն-տնակում անհարմարություններ զգացած Կարապետյանների ընտանիքը փորձել է հարմարավետ պայմաններ ստեղծել և փոխել իրավիճակը: Գործադրված ջանքերը, սակայն, սահմանափակվել են մի փոքրիկ կիսակառույցով, որը ծառայել է և՛ որպես հյուրասենյակ, և՛ խոհանոց և՛ ննջասենյակ: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագրով, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքում, զրկանքների միջով անցած Կարապետյանների երազանքը վերջապես կատարվել է: Եռամսյա շինարարության արդյունքում կառուցվել է հարմարավետ հյուրասենյակով, երկու ննջասենյակ, խոհանոց և սանհանգույց ունեցող տունը:

«Դեռ վաղ գարնանն այնքան մշուշոտ ու հեռու էր այս օրը: Եղբայրս հենաշարժողական խնդիրներ ունի, մայրս հիվանդ էր, վերջերս է մահացել, հայրս ու ես հազիվ ենք կարողանում օրվա հացի խնդիր լուծել, ուր մնաց թե կարողանայինք սկսել ու ավարտել տան շինարարությունը: Ձեր օգնությունն այն հրաշքն էր, որ տարիներ ի վեր մեր գլխին կախված մութ ամպերը ցրեց: Աննկարագրելի է մեր ուրախությունը: Շնորհակալ ենք »,-ասել է Նոնա Կարապետյանը, ընտանիքի դուստրը:

Մինչև տարեվերջ, Հայաստանի չորս մարզում կավարտվի յոթ կիսակառույցի շինարարություն: Հաջողված համագործակցության արդյունքում, ծրագրով ընդհանուր առմամբ 146 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել:

«Ասում են՝ խնդիրները ստիպում են ամրանալ ու պայքարել: Բայց երբ դրանք տարիներ են տևում՝ թուլացնում են նպատակին հասնելու կամքը: Այս ծրագիրը մեկն է նրանցից, որը փակում է հուսահատության տանող ճանապարհը: Հերթական ընտանիքն այսօր հրաժեշտ է տալիս վագոն-տնակին, որի անհարմարությունն ստիպված կրել է քսաներեք տարի. մի ամբողջ երիտասարդություն: Տարիների զրկանք տեսած ևս մեկ ընտանիք վերջապես կապրի իր երազանքների տանը: Դա մեր՝ գործընկեր կառույցներիս հաջողությունն է նաև»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Շատ դեպքերում թվերը խոսուն են, շատ դեպքերում էլ՝ անհնար է լինում թվաբանության մեջ տեղավորել փոխված ճակատագրերն ու ընտանիքի գալիք հաջողությունները: Այս տան կառուցումը մի քիչ տարբեր էր մյուսներից. միայն ընտանիքի տարեց հայրն էր ի վիճակի շինարարական աշխատանքներ իրականացնել, բայց համայնքի կամավորներն իրենց մեծ աջակցությունը բերեցին շինարարական աշխատանքներին՝ շատ արագ ավարտելով այն: Այժմ ընտանիքը բավական հարմարավետ, կենցաղային բոլոր հարմարություններով բնակարան ունի»,-ասել է կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 25 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել:




Լրահոս