Սոցապնախարարության շքեղությունները. պետբյուջեի հաշվին միլիոններ է ծախսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իր ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման համար յուրաքանչյուր տարի պետբյուջեի հաշվին միլիոններ է ծախսում:

«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ միայն 17 հատ ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման համար նախարարությունը ընթացիկ տարում պետական միջոցներից ծախսելու է 7 մլն 265 հազար դրամ: Տեղեկացնենք, որ այդ ավտոմեքենաները ԱՊՀ արտադրության են՝ մեկ հատ «Գազ-3110», 2 հատ «Վազ-2121», 2 հատ «Վազ 2106» եւ 12 հատ «Վազ-2107»: Օրինակ՝ ԱՊՀ արտադրության մեկ «Գազ-3110» ավտոմեքենայի համար ծախսվելու է 377 հազար դրամ, իսկ 2 ավտոմեքենայի` «Գազ-3110» եւ «Վազ-2121»-ի համար` 600 հազար 500 դրամ: Իսկ նշված ավտոմեքենաների տեխսպասարկման աշխատանքների ձեռքբերման համար նախարարությունը ապրիլի 28-ին պայմանագիր կնքել է «Մ-Բի-Ռ» ընկերության հետ:

Ի դեպ, այս ընկերության հետ նույն աշխատանքների ձեռքբերման նպատակով պայմանագիր կնքում է նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Նկատենք, որ ՀՀ որոշ գերատեսչություններ վերջին ամիսների ընթացքում վաճառքի են հանում իրենց հաշվեկշռում եղած հին տարեթիվ ունեցող, ռուսական արտադրության ավտոմեքենաները: Ասել է, թե ազատվում են «ժեշտից»: Քանի որ այդ հին ավտոմեքենաների վրա պետական բյուջեից ավելի շատ ծախսեր են արվում: Իսկ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի դեպքում ամեն ինչ հակառակն է:

Այսքանով դեռ չի ավարտվում նախարարության ավտոմեքենաների տեխսպասարկումը. այս նպատակով պայմանագիր կնքվել է նաեւ «Ֆլեշ մոտորս» ընկերության հետ 5 մեքենայի համար եւ ծախսվել մոտ 1 մլն 300 հազար դրամ:

Բացի տեխսպասարկման աշխատանքներից՝ նախարարությունը գնել է նաեւ բենզին` ե՛ւ պրեմիում, ե՛ւ ռեգուլյար տեսակի: Այսպես՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընթացիկ տարվա համար «Սի Փի Էս օիլ» ընկերությունից գնվել է 1 մլն 509 հազար դրամի ռեգուլյար տեսակի բենզին, որի մեկ լիտրի դիմաց վճարվել է 330 դրամ: Նշված ընկերությունից այս գերատեսչությունը գնել է նաեւ 31 հազար 25 լիտր ռեգուլյար տեսակի բենզին եւ վճարել 10 մլն 238 հազար 250 դրամ: Այսինքն՝ ռեգուլյար տեսակի բենզինի համար ծախսվել է 11 մլն 747 հազար դրամ:

Իսկ պրեմիում տեսակի բենզինի համար պետական միջոցներից ծախսվել է 7 մլն 740 հազար դրամ: Այսինքն՝ գնվել է 22 հազար 494 լիտր պրեմիում տեսակի բենզին: Ասել է, թե սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին, ով մատը մատին չի խփում՝ իր ղեկավարած ոլորտում առկա խնդիրները լուծելու համար, վայել չէ ռեգուլյար տեսակի բենզինով լի մեքենայով երթեւեկելը: Ու տպավորություն է, որ ռեգուլյար տեսակի բենզինով նախարարը կարող է տեղ չհասնել:

Հավելենք, որ այս նախարարությունը համարվում է «աղքատների» նախարարություն տարիներ շարունակ: Սակայն նախարարը շքեղություններից չի հրաժարվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս