Սերժ Սարգսյանի տված հավաստիացումները չեն գործում. «Սասնա ծռերի» գործն այլ ընթացք կստանա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռերի» ու Ժիրայր Սէֆիլյանի դատավարությունները տխուր եզրակացությունների տեղիք են տալիս՝ կասկածի տակ դնելով դատական գործընթացի օբյեկտիվությունն ու անաչառությունը: Ու եթե անգամ այս գործերի հիմքում իրավական որոշ հիմնավորումներ կան, ապա երկու գործերով դատավորներն էլ իրենց պահվածքով զրոյին են հավասարեցնում այդ ամենը:

Մինչդեռ, հիշեցնենք, նախորդ տարվա ամռանը, երբ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները որոշեցին հանձնվել իրավապահներին, Սերժ Սարգսյանը խոսել էր կատարվածի մասին՝ ասելով.

«Առաջին հերթին պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի եւ անաչառ քննություն, բաց դատավարություն: Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որեւէ այլ դրսեւորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով»:

Այս օրերին տեղի ունեցողը, սակայն, վկայում է հակառակի մասին. Սերժ Սարգսյանի տված հավաստիացումները չեն գործում, եւ երկու գործով էլ ոչ թե արդարադատություն է իրականացվում, այլ այդ ամենը քաղաքական վրեժխնդրության փորձեր են:

Թեեւ Սերժ Սարգսյանը խոստանում էր անաչառ քննություն, ավելի խստացվեցին «Սասնա ծռերի» անդամներից չորսի մեղադրանքը՝ նրանց վերագրելով նաեւ ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատից մոտ 14 մլն դրամ հափշտակությունը:

Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ հափշտակված 14 մլն դրամն այդպես էլ չի հայտնաբերվել, պաշտոնական հաղորդագրություն եղավ այն մասին, որ խմբի անդամներից Արթուր Սողոմոնյանի կոշիկի մեջից 300 հազար դրամ է հայտնաբերվել եւ վերջ: Այս օրերին դատարանում տեղի ունեցող իրադարձություններն էլ հուշում են, որ իշխանությունները նախապատրաստվում են դռնփակ դատավարության:

Պատահական չեն դատարան մտնելիս փաստաբաններին խուզարկելու, այդպես իրավիճակը սադրելու փորձերը, մյուս կողմից՝ դատավորներն էլ իրենց հերթին են փորձում լարվածություն մտցնել: Այնպես որ, հօդս կցնդեն բաց դատավարություն իրականացնելու մասին խոստումները:

Եւ վերջապես, ամենակոպիտ կերպով անտեսվում է «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ անձնական վրեժխնդրության բոլոր փորձերն օրենքով կասեցնելու Սերժ Սարգսյանի հրահանգը: Ինչպես հայտնի է՝ դատարանի՝ կալանավորներին պահելու համար հատկացված հատուկ վայրում ոստիկանները գազանաբար բռնություն են կիրառել ամբաստանյալներից չորսի նկատմամբ:

Չնայած կցկտուր հերքումերին՝ իրավապահներն այդպես էլ հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել դատավարությունից հետո «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին դատավարությունից հետո խոշտանգելու ահազանգերի վերաբերյալ:

Փոխարենը արգելվել են բռնության ենթարկվածների հետ կալանավայրերում մշտադիտարկում իրականացնող խմբի տեսակցությունները, ինչն էլ ավելի է հիմնավորում խոշտանգումների մասին ահազանգերը:




Լրահոս