Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցը` իրավապահների ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը շարունակում է լրջորեն քննվել իրավապահների կողմից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղի բնակիչներին իրավապահները տանում են հարցաքննելու:

Հիշեցնենք, որ 2016 թվականից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորվել էր 2 անձ, եւս մի քանիսը՝ ձերբակալվել:

Իսկ արդեն 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարների ստացումը:

Իսկ ահա փետրվարի 9-ին քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:

Բոլոր այս գործերով նախաքննությունը դեռեւս ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է, սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, իրավիճակը գնալով ավելի է լրջանում:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ օրեր առաջ էջմիածնի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ գնացել են իրենց տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, որպեսզի հերթական անգամ անցնեն փորձաքննության եւ հաստատվի այն փաստը, որ իրենք իրավունք ունեն թոշակ ստանալ: Սակայն խնդիրների առաջ են կանգնել: Շատ քաղաքացիներ, որոնք դեռեւս 2012 թվականից մինչեւ 2016 թվականը համապատասխան թղթեր են ներակայացրել իրենց տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով եւ ստացել են դրական պատասխան, որ բոլոր պահանջներին բավարարում են, կարող են թոշակ ստանալ, հանձնաժողովը մերժել է՝ ասելով, թե պետք է ստուգվեն բոլոր փաստաթղթերը: Ու մինչ մարդիկ կպատրաստվեին դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, հերթով բնակիչներին են այցելել մարզային իրավապահները՝ նրանց հրավիրելով հարցաքննության:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ իրավապահները թոշակառուներից հետաքրքրվել են, թե ինչու է հանձնաժողովը նրանց մերժել թոշակ տալ: Նաեւ հետաքրքրվել են՝ արդյո՞ք իրենցից գումար են ուզել, որ թոշակը նշանակեն, սակայն թոշակառուների մեծ մասը պատասխանել է, թե նման բան չի եղել: Տեղեկացնենք, որ հարցաքննության հրավիրված մարզի բնակիչներին իրավապահներն ասել են, թե ահազանգ ունեն, որ թոշակ նշանակելու համար բժշկասոցիալական հանձնաժողովը մարդկանցից կաշառք է պահանջել, դրա համար էլ մասսայաբար բոլորին տանում են հարցաքննության, ցուցմունքներ վերցնում եւ ազատ արձակում:

Ինչո՞վ կավարտվի Արմավիրի մարզի Էջմիածնի մի քանի գյուղերի բնակիչների հարցաքննության կանչելու եւ կաշառքը բացահայտելու գործընթացը, ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ իրավապահները շարունակում են փորփրել սոցապնախարարության ոլորտը: Սակայն առայժմ նախարար Արտեմ Ասատրյանը անվնաս կառավարում է:

Քնար Մանուկյան




Լրահոս