Սրտանոթային հիվանդների համար կարևոր դեղ է թանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գեդեոն Ռիխտեր» դեղերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը  բարձրացրել է է իր կողմից ներմուծող որոշ դեղամիջոցների գները: Այս մասին ArmLur.am-ին դժգոհել են դեղերի վաճառքով զբաղվող առեւտրականները: Նրանց խոսքերով` «Վերաշպիրոն» կոչվող դեղամիջոցի եւ կապսուլա եւ դեղահաբ տարբերակները (միզամուղ), որոնք հիմնականում օգտագործում են սրտանոթային հիվանդություններով տառապող մարդիկ, զգալի թանկացել են:

Օրինակ «Վերաշպիրոն» դեղահաբը դեղերի վաճառքով զբաղվող տնտեսվարողները եթե նախկինում ընկերությունից ձեռք են բերել մոտ 620 դրամով, հիմա այն գնում են 733-ով: Նույնանուն դեղի կապսուլաները ընկերությունը դեղատներին առաջարկել է մոտ 1600 դրամով, իսկ հիմա՝ 1830-ով: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված դեղամիջոց Հայաստան ներկրում է միայն «Ռիխտեր–Լամբրոն» ընկերությունը:
Բացի այս, «Վերմոքս» կոչվող դեղամիջոցը ընկերությունը դեղատներին առաջարկում է 1150-1164 դրամով՝ նախկին 700 դրամի փոխարեն: Ըստ տնտեսվարողների՝ ընկերությունը նշված դեղամիջոցները մոտ 18 տոկոով թանկացրել էր: Բացի այս, թանկացել է նաեւ «Դեկարիս» կոչվող դեղամիջոցը:
Պարզելու համար, թե ինչն է դեղերի թանկացման պատճառը ArmLur.am-ը դիմեց «Գեդեոն Ռիխտեր» ընկերություն, որտեղից ի պատասխան մեր հարցմանը՝ նշեցին. «Ներմուծող ընկերությունը կապ չունի թանկացման հետ: Գործարանի քաղաքականությունն է, որի դեպքում հնարավոր է կոնկրետ դեղամիջոցի գին բարձրացնել, մյուսինն էլ իջեցնել: Գործարանը տարվա մեջ մեկ անգամ իր արտադրանքի գները վերանայում է: Հաշվի առնելով, որ հունվարը ծանր ամիս է, այս տարի մեր ընկերությունը խնդրել է գնային վերանայումները անել հնարավորինս ուշ: Դրա փոխարեն «Էկվատոր» դեղամիջոցն է մոտ 30 տոկոսով էժանացել»:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ամիս մոնիտորինգ է անցկացնում՝ դեղերի շուկայում գների անհիմն թանկացումները կանխելու նպատակով: Մյուս կողմից ազատ շուկայական հարաբերություններ են, իսկ նախարարությունը ազդելու ոչ մի լծակ չունի: Նկատենք, որ դեղերի շուկայում անհիմն թանկացումների մասով անելիք ունի նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը չգիտես ինչու լռում է: Հայտնի չէ՝ հարկատուների հաշվին սնվող այս կառույցը արդյոք վերահսկողություն իրականացնում է դեղերի շուկայում, թե ոչ:
Այս ամենի արդյունքում սոցիալապես անապահով քաղաքացիներին մնում է միայն լուռ հետեւել դեղերի թանկացումներին. իսկ նրանք, ովքեր գումար չեն ունենում պատահում է, որ օրերով մնում են առանց անհրաժեշտ դեղի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս