ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանություններն ընկել են դռնեդուռ. էլի խնդրողի վիճակում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ: Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: «ԵՄ կողմը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը՝ …ընդգծելով, որ կշարունակի օժանդակել Հայաստանին՝ երկրի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող այդ գործում: …Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ծրագրերին եւ բարեփոխումներին աջակցության պատրաստակամության համար»:

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրկությունը եւ տեղեկացրել. «Զրուցակիցները մտքեր են փոխանակել կառավարության կոնկրետ ծրագրերի վերաբերյալ. ինչպես բարելավել տնտեսությունը եւ գործարար միջավայրը, ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մեծացնել դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը»:

Այստեղ հետաքրքրական է մեկ այլ հանգամանք: Այն բանից հետո, երբ Պյոտր Սվիտալսկին ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ քննադատություն էր հնչեցրել՝ հիշեցնելով ընտրությունների կազմակերպման համար ԵՄ ցուցաբերած ֆինանսական օժանդակությունը, իշխանությունները հակադարձել էին, թե դեսպանն այդպես միջամտում է երկրի հարցերին, նաեւ ասել էին, թե սա հարսանիք չէ, որտեղ ով վճարում է, ինքն էլ պատվիրում է շամպայնը: Եվ ահա, այդ միջադեպից մեկ ամիս չանցած՝ իշխանությունները կառավարության ղեկավարի մակարդակով հանդիպում են նույն Սվիտալսկու եւ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ, խոսել տարբեր ոլորտներում նախատեսված ծրագրերն իրականացնելու համար ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն ստանալու հարցը: Իշխանությունները, որ ԵՄ-ից պատկառելի գումար ստանալուց եւ այն ծախսելուց հետո քամահրանքով էին խոսում այդ օժանդակության մասին, այսօր կրկին հայտնվել են կոտրած տաշտակի առաջ. մի շարք ոլորտներում նախատեսված բարեփոխումները, ծրագրերն իրականացնելու համար չունեն բավարար գումար եւ ստիպված են ԵՄ-ից խնդրել, որ մի քիչ փող տա:

Իր հերթին ԵՄ-ից գումարներ խնդրելու գործին լծվել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը երեկ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ խոսել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության մասին, խոսել է տարբեր ծրագրերում Հայաստանին ընդգրկելու մասին, նաեւ նշել, թե ՀՀ-ն բարձր է գնահատում ԵՄ-ի հետ գործընկերությունն ու ակնկալում ապագա համագործակցություն: Կարճ ասած՝ փող հայթհայթելու համար կրկին ընկել են դռնեդուռ: Ի դեպ, տեղին է հիշել Սվիտալսկու՝ իշխանություններին տված խորհուրդը՝ նախքան մարդկանց վրա հարձակվելը մտածելու մասին:




Լրահոս