Կառավարությունը երեկվա նիստում հաստատել եւ խորհրդարան է ներկայացրել երկու կարեւորագույն համաձայնագիր: Մեկով Հայաստանը վավերացնում է «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը, մյուսով՝ «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը:
Մինչ կփորձեք թերահավատությամբ ու քամահրանքով մոտենալ կառավարության ներկայացրած օրինագծերին (երեկվանից արդեն նման տրամադրություններ էին նկատվում), շտապենք հիասթափեցնել. դրանք Հայաստանի պատմության ամենակարեւոր փաստաթղթերից են:
Ի վերջո, եթե չեք մոռացել՝ մենք համաշխարհային, հավիտենական ազգ ենք: Ուստի եւ համաշխարհային, հավիտենական ազգին է տրված ոչ միայն Երկիր մոլորակի, այլեւ Լուսնի եւ արեգակնային համակարգի մյուս մոլորակների ու խոշոր արբանյակների վրա գործունեություն ծավալելու իրավունքը: Առավել եւս, իշխանություններն արդեն թեւքերը քշտել ու սկսել են հերթով լուծել երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն այնպես, որ շատ շուտով՝ 2040թ, ՀՆԱ-ն տարեկան հինգ տոկոսանոց աճով կդառնա 60 միլիարդ, երկրի բնակչությունը՝ առնվազն 4 մլն, էլ չասած մյուս ոլորտների աճի մասին:
Ու ստեղծված իրավիճակում մեզ ոչինչ չի մնում, քան նվաճել Լուսինը՝ մինչ այդ, իհարկե, օրինագիծ ընդունելով Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով օգտագործելու մասին, սահմանելով կարեւոր դրույթներ՝ ո՛չ մի պատերազմ, ո՛չ մի թշնամական գործողություն կամ դրա սպառնալիք, էլ չասած՝ միջուկային զենքի եւ ռազմաբազաների մասին: Փոխարենը Լուսինը պետք օգտագործել գիտահետազոտական նպատակներով:
Ճիշտ է՝ այս ճանապարհին մի փոքր բացթողում կա. ո՛չ առաջին տիեզերագնացը, ո՛չ էլ Լուսնի վրա վայրէջք կատարած առաջին անձը հայ չի եղել, այսօր դեռ չունենք տիեզերակայաններ ու տիեզերք արբանյակներ չենք ուղարկում, բայց սա արդեն կարեւոր չէ: Չէ՞ որ մինչեւ 2040 թ. զարգանալու ենք մեծ տեմպերով, ու հընթացս արդեն լուծված կլինեն նաեւ այդ փոքր բացթողումները:
Քիչ էր մնում՝ մոռանայինք. սրանք նոր փաստաթղթեր չեն, այլ դրական եզրակացություն են ստացել դեռեւս երեք տարի առաջ՝ նախորդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, պարզապես նոր Սահմանադրության համաձայն՝ կրկին պետք է ներկայացվեն խորհրդարան:
Իսկ այն ժամանակ ԱԺ-ում գործադիրի ներկայացուցիչը պարզաբանել էր, որ «Հայաստանը միջազգային հեռահաղորդակցության միությունում գրանցելու է իր իրավունքները, որը հետագայում հնարավորություն կտա ստեղծելու սեփական արհեստական արբանյակ»:
Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է: